Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները կօգնի հայ արհեստավորներին իրենց աշխատանքը ցուցադրել Երեւանում


Սեպտեմբերի 28-ից 29-ը Երեւանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցնի «Իմ ձեռագործ Հայաստան» երրորդ փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ավելի քան 70 արհեստագործ կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները:

Փառատոնը կազմակերպվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Սմիթսոնյան հաստատության կողմից, պատմում է Սմիթսոնյանի ներկայացուցիչ Հալե Բաթվինը.

«Ավանդաբար, մենք օգնում ենք վաճառել արհեստագործների արտադրանքները եւ արհեստագործները ցույց են տալիս, թե ինչպես են պատրաստում դրանք, սակայն, այս անգամ որոշեցինք նաեւ հենց փառատոնի ընթացքում դասընթացներ կազմակերպել: Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը մեկ ժամ է, դրանց ցանկին կարելի է ծանոթանալ նախապես myhandmadearmenia.am կայքից: Ուստի, այցելուները կարող են ոչ միայն սովորել արհեստը, այլեւ հենց այդ ընթացքում ինքնուրույն, ձեռքով պատրաստել եւ տուն տանել ձեռագործ աշխատանքը»:

«Իմ Հայաստան» ծրագիրը գործում է հանրապետության 5 շրջաններում, նշում է Բաթվինը՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում եւ Շիրակում.

«Հայաստանի տարբեր մարզերում կան բազմաթիվ օժտված արհեստավորներ եւ փառատոնը նրանց հնարավորություն կտա իրենց հմտությունները ցուցադրել մայրաքաղաքում»:

Նախկինում այս փառատոնն անցնում էր միայն մեկ օր, սակայն, այնքան մեծ էր այցելուների քանակը, որ ծրագրի համակարգողները որոշեցին այն երկու օր դարձնել:

«Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացը` փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն:

«Մենք փորձում ենք զարգացնել ներքին զբոսաշրջությունը, որպեսզի մարդիկ դուրս գան Երեւանից, եւ ծանոթանան Հայաստանի մյուս շրջաններին: Ուստի, մենք ուսումնասիրել ենք մշակութային ժառանգությունն ու փորձում ենք ներկայացնել այդ մշակութային ժառանգությունը հենց իր բնօրրանում»:

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է Հայաստան եկող զբոսաշրջիկներին հնարավորություն տալ չսահմանափակվել մայրաքաղաք Երեւան այցելությամբ, այլ տանել նրանց հանրապետության մյուս վայրերը, որպեսզի գյուղական շրջանները նույնպես շահեն զբոսաշրջիկների թվի աճից:

«Այս պահին մենք ունենք շուրջ 50 տուրիստական տարբեր ուղղություններ, որոնք հյուրերը կարող են վայելել: Դա իր մեջ է ներառում հայկական խոհանոցի տարբեր ուտեստներին ծանոթանալու տարբերակներ, որոնց ընթացքում մարդիկ կարող են սովորել զանազան հայկական ուտեստներ պատրաստել, ճաշակել դրանք: Զբոսաշրջիկները կարող են նաեւ հայկական ավանդական արհեստ սովորել հենց արհեստավորից, նրա սեփական տանը»:

Հալե Բաթվինի խոսքով, ամերիկյան կողմի հիմնական նպատակն է՝ պահպանել հայ մշակութային ժառանգությունը եւ նպաստել դրա զարգացմանը.

«Ամենը հիմնված է մշակութային ժառանգության պահպանման վրա, մեր ամբողջ աշխատանքը կապված է Հայաստանի մշակութային ժառանգության հետ: Ուստի, Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն այդ մշակութային ժառանգությունը պահպանող իրական մարդկանց են հանդիպում»:

Կազմակերպիչները բոլորին կոչ են անում այցելել Գաֆէսճեան քանդակների պարտեզի փառատոն, որն անցնելու է արդեն այս շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ փառատոնի ծրագրին եւ ձեզ հետաքրքրող դասընթաց ընտրել myhandmadearmenia.am կայքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG