Չափազանց կարևոր է պահպանել տնտեսական ազատությունները քաղաքական ազատությունների հետ մեկտեղ, ընդգծեց ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի նախագահի պաշտոնակատար Դեյվիդ Բոհիգյանը Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի իր ելույթում: Վերջինս կարևորեց տնտեսական ազատությունը և մասնավոր հատվածի զարգացումը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այսօր նրա ղեկավարած կառույցը ավելի քան հարյուր երկրներին աջակցում է՝ ներդրումներ ներգրավելու հարցում:
Ազատ տնտեսական հարաբերությունների բացակայությունն, ըստ նրա, հանգեցնում է ձախողման: Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան Մարշալի վերականոգնողական պլանին հակառակ առաջադրված խորհդային Մոլոտովի ծրագրի ձախողումը դրա վառ օրինակներից է:
«Դա խորհրդային ծրագիր էր, որը տնտեսական երկաթյա վարագույր ձևավորեց Հայաստանում և խորհրդային ազդեցության ներքո բազմաթիվ այլ վայրերում: Այն ձախողվեց, քանի որ դեմ էր ազատությանը, ձեռներեցությանն ու այն արժեքներին, որոնք դավանում է ԱՄՆ ու ամբողջ աշխարհը»,- նշում է Բոհիգյանը:
Ներդրումների խրախուսման հարցում անհրաժեշտ է շարունակաբար քրտնաջան աշխատանք տանել՝ ներդրումային լայն փաթեթ ձևավորելու և մրցակցային դառնալու համար: Հայաստանի հարցում Բոհիգյանը լավատես է:
«Համուզված եմ, որ Հայաստանը կարող է դա անել: Երբ գտնվում էի Երեւանի Հանրապետության հրապարակում, տեսա այն հսկայական էներգիան, որ առկա էր այնտեղ առավոտյան ժամը մեկին»,- հիշում է Բոհիգյանը:
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը իր հերթին ընդգծեց օրենքի գերակայության և դրա առջև տնտեսական բոլոր միավորների հավասարության կարևորությունը Հայաստանում անկախ ազգային կամ այլ պատկանելիոթյունից:
«Ես հավատացած եմ, որ օրենքներն ու բնապահպանական կանոնները, հակակոռուպցիոն քաղաքականությունն ու թափանցիկությունը պետք է գործի բոլոր ընկերությունների համար, այլ ոչ թե մեկ առանձին ընկերության՝ բացառելով այս կամ այն երկրի ընկերության օրենքից վեր հայտնվելը»,- ասում է նախկին դեսպանը:
Հեֆերնը կոչ է անում օգնել Հայաստանին՝ հասնելու հաջողության, քանի որ հաջողված Հայաստանն ավելի գրավիչ է տնտեսական և միջազգային հարաբերություններում:
Նախագահ Թրամփի անցումային թիմի ավագ անդամ, քաղտեխնոլոգ Քիյթ Նահիգյանի կարծիքով էլ այսօր առկա են լավ պայմաններ Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու հարցում: Նա ընդգծում է հայ մշակութային ժառանգության և պատմության կարևորությունը այս հարցում, սակայն այս ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան:
«Հայաստանը փայլուն խոսք ունի ասելու, սակայն բոլորը չէ, որ տեղյակ են դրա մասին: Չափազանց կարևոր է պատմել Հայաստանի մշակույթի, ժառանգության, որպես առաջին քրիստոնյա երկիր քրիստոնեության բնօրրան հանդիսանալու մասին»,- կարծում է Նահիգյանը:
Նա ընդգծում է, որ մեր օրերին ճիշտ քարոզչություն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտվել ժամանակակից թվային տեխնոլոգիաներից, ներառյալ սոցցանցերից՝ կառուցելով հստակ, արագ և անձնական ուղերձ: Նահիգյանը վստահ է՝ չափազանց լավ պահ է այսօր Հայաստանի ուղերձն աշխարհին հասցնելու համար:
Facebook Forum