Հայաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց են կապում ամուր մշակութային ու պատմական հարաբերություններ եւ հայ ժողովրդի ներդրումն ԱՄՆ-ի զարգացման գործում անգնահատելի է, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշեց սենատոր Ջեք Ռիդը.
«Այսօր ոգեշնչող է տեսնել, որ Հայաստանում իրական ժողովրդավարություն է հաստատվել եւ մենք ցանկանում ենք դրա հիման վրա կառուցել մեր հարաբերությունները: Հուսանք, որ Հայաստանում ազատության այդ կայծը կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա»:
Կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով, Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրությանն արժանանա Արեւմուտքի կողմից, քանզի մինչ Արեւելյան Եվրոպայի եւ Խարհրդային Միության նախկին երկրների զգալի հատվածը ժողովրդավարության անկում է գրանցվում, Հայաստանը առաջընթացի ճանապարհին է.
«Առկա է այն կարծիքը, թե Հայաստանը, իբր խորհրդային բլոկի մաս է կազմում, Ռուսաստանի ուղեծիրում է գտնվում եւ բարեկամական տրամադրված չէ Մյացյալ Նահանգների հանդեպ: Մենք գիտենք, որ դա այդպես չէ եւ պետք է ավելի ակտիվ աշխատենք, որպեսզի կանխենք նման թյուրըմբռնումը»:
Ջեքի Սփիր-Կանչելյանն, ով նախաձեռնել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ ամերիկյան օգնության հատկացման նախաձեռնությունը, ընդգծում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին, հատկացվող ամերիկյան օգնությունը կավելանա, որը կարեւոր աջակցություն է Հայաստանի իշխանություններին ժողովրդավարության հաստատման գործում.
«Ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանը շարունակում է մնալ շրջապատված հարեւաններով, որոնցից ոմանք Միացյալ Նահանգների բարեկամները չեն: Հայաստանը նաեւ շրջափակման մեջ է երկու հարեւան պետությունների կողմից: Այս ամենը Հայաստանի ժողովրդավարությունն էլ ավելի տպավորիչ է դարձնում»:
Նշենք, որ Հայաստանին 40 միլիոն հավելյալ ամերիկյան օգնություն հատկացնելու վերաբերյալ Սփիր-Կանչելյանի նախաձեռնությունն ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ: Այն դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներից բաղկացած միասնական հանձնաժողովի կողմից:
Facebook Forum