Սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների տարելիցի օրն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն դատապարտեց Թալիբանին Քաբուլում իր երկրի դեսպանատան մոտ անցյալ շաբաթ իրականացրած մահաբեր հարձակման համար։ ՝՝Անցած չորս օրերի ընթացքում մենք մեր թշնամուն շատ ավելի ուժգին հարվածներ ենք հասցրել, քան որեւէ ժամանակ նախկինում։ Եվ այդպես էլ շարունակելու ենք՛՛, ասել է Թրամփը ու նույնիսկ սպառնացել ԱՄՆ-ի միջուկային կարողությամբ։
Հիշեցնենք, որ Թալիբանի կողմից իրականացված ռումբի պայթյունի արդյունքում զոհվել էր նաեւ ամերիկացի մի զինվորական, որից հետո Թրամփը չեղյալ էր հայտարարել Աֆղանստանի նախագահի ու Թալիբանի ղեկավարների հետ նախատեսված հանդիպումը։
Չկայացած հանդիպումն արդեն իսկ արժանանում է օրենսդիրների քննադատությանը։
՝՝Ինչպես կարելի է սեպտեմբերի 11-ի կազմակերպիչներին հրավիրել Քեմփ Դեյվիդ, երբ նրանք շարունակում են հարձակումներն ընդդեմ ԱՄՆ-ի՛՛, ասել է սենատոր Բոբ Մենենդեսը՝ շեշտելով, որ նախատեսված հանդիպումը սխալ էր ամենասկզբից։
Այլ փորձագետներ ասում են, թե Միացյալ Նահանգներն ավելի շատ պիտի կենտրոնանա Աֆղանստանի կառավարությանն օգնելու, այլ ոչ թե թալիբների հետ ՝լեզու գտնելու՛՛ խնդրի վրա։
Ինչպես վերլուծաբան Փիթըր Բերգենն է ասում, չի կարելի թալիբներին վերաբերվել որպես Աֆղանստանի կառավարության ապագա անդամների։ ՝՝Նրանց պետք է վերաբերվել որպես ապստամբների՛՛, ասում է նա։
Սակայն չնայած ԱՄՆ-Աֆղանստան բանակցությունները մեռած համարելու մասին Թրամփի հայտարարությանը, մեծաթիվ փորձագետներ են կարծում, որ բանակցությունները կվերսկսվեն, քանի որ ինչպես նախագահը, այնպես էլ ամերիկացիների մեծամասնությունն ուզում են, որ ի վերջո ավարտվի 18 տարի առաջ սկսված, ԱՄՆ-ի պատմության ամենաերկարատեւ այս պատերազմը։