Սա Սոլթ Լեյք Սիթին է՝ Յութա նահանգի մայրաքաղաքը եւ Միացյալ Նահանգների բացօդյա տուրիզմի հանրաճանաչ վայրերից մեկը: Յուրաքանչյուր տարի այստեղ այցելող միլիոնավոր տուրիստներ Յութայում են թողնում ավելի քան 9 միլիարդ դոլար: Միայն տուրիզմը Յութայում շուրջ 150,000 աշխատատեղ է ապահովում, որը 3 միլիոն բնակչություն ունեցող նահանգի համար կարեւոր թիվ է:
Իսկ սա Բինգհամի կիրճի հանքավայրն է, որի մասին իր ուղիղ եթերի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հանքավայրի դրական օրինակ:
Մեկ ու կես դարի պատմություն ունեցող Բինգհամի կիրճի հանքավայրը նաեւ տուրիստական ոլորտի մասն է դարձել՝ շրջագայություններ առաջարկելով իր տարածքում զբոսաշրջիկների համար: Այսօր հանքավայրը շարունակում է գործել՝ հանդիսանալով հպարտության առարկա նահանգի բնակչության մի մասի համար եւ՝ կտրուկ քննադատության թիրախ բնակչության մյուս խմբի համար:
1863-ին իր գործունեությունը որպես ոսկու, արծաթի եւ պղնձի փոքր հանք սկսած Բինգհամի կիրճի հանքավայրն անցած 156 տարիների ընթացքում արտադրել է ռեկորդային 19 միլիոն տոննա պղինձ: Շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության մասին բողոքները սկսվել էին դեռեւս 1912-ին, երբ մի շարք կազմակերպություններ մատնանշեցին, որ հանքավայրն իր գործունեության մեջ ազբեստոս է օգտագործում, որն, ինչպես պարզվեց ապագայում, քաղցկեղ է առաջացնում: Այսօր Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում հին շենքերում ազբեստոսի հետք գտնելիս այն հեռացնում են: Համեմատության համար նշենք սակայն, որ Խորհրդային Միությունում եւ մեր օրերի Ռուսաստանում ազբեստոսը մինչ օրս լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ՝ տանիքները ծածկելու համար:
1980-ականների վերջին հանքավայրի դեմ մեղադրանքներ հարուցվեցին ստորգետնյա ջրերն, իսկ 1990-ականներին՝ օդն աղտոտելու համար: Այդ տարիներին հանքն աշխատանքով էր ապահովում 15,000 մարդու: 1995-ին Բինգհամի կիրճի հանքավայրը ջրամաքրման նոր համակարգի մեջ 37 միլիոն դոլար ներդրեց, իսկ արդեն 2000-ականներին, երբ մի շարք վթարների պատճառով ջրի մեջ մկնդեղի արտանետումների դեպքեր էին գրանցվել, Բինգհամի կիրճի հանքավայրը ստիպված էի ընդհանուր առմամբ շուրջ 400 միլիոն դոլար ծախսել՝ շրջակա միջավայրի մաքրման համար: Այսօր հանքավայրը ոչ միայն շարունակելով հանքահանությունը այլ նաեւ զբոսաշրջիկների շրջայցեր կազմակերպում հանքավայր: Հատկանշական է, որ հանքավայրի հարեւանությամբ՝ Սոլթ Լեյք Սիթիում 2002-ին անցած Ձմեռային Օլիմպիական խաղերի բոլոր մեդալները պատրաստված էին բացարձակապես Բինգհամի կիրճի հանքավայրում ստացված մետաղներից:
Facebook Forum