Մատչելի հղումներ

Հոնկոնգում իրավիճակը շարունակում է սրվել


Հոնկոնգի օդանավակայանը երկուշաբթի օրը դադարեցրել է բոլոր թռիչքները: Այս մասին աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից այս մեկի ղեկավարությունը որոշում է կայացրել այստեղ շարունակվող զանգվածային ցույցերի պատճառով: Չորրորդ օրը լինելով, մոտ հազար ցուցարարներ չեն լքում օդանավակայանի տարածքը: Հիշեցնենք, որ Հոնկոնգում մարդիկ բողոքում են Չինաստանի այս վարչական տարածքի իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

Շաբաթ ու կիրակի օրերին քաղաքի կենտրոնում քաոսը չէր դադարում: Հակակառավարական բողոքի ցույցը շարունակվում է արդեն տասը շաբաթ, եւ լարվածությունը փողոցներում խորանում է: Տեղի են ունենում ընդհարումներ ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջեւ, ինչն ավելի է ուժգնանում գիշերային ժամերին:

Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ստորգետնյա անցման մի հատվածում, առաջ բերելով ավելի մեծ զայրույթ:

Մարդիկ ոստիկանների խիստ ու կոպիտ վերաբերմունքի պատճառով նրանց սկսել են ‘’շներ’’ անվանել:

Հիշեցնենք, որ բողոքի ալիքը Հոնկոնգում սկսվեց, երբ տեղի իշխանությունները համաձայնվեցին ընդունել որոշում, որը թույլ է տալիս կասկածյալ անձանց հանձնել Չինաստանի իշխանություններին:

Անցած շաբաթների ընթացքում ցուցարարների պահանջներն ավելացան: Այժմ նրանք պահանջում վարչական այս տարածքի ղեկավարի հրաժարականը եւ ժողովրդավարական ազատությունների ընդլայնում: Նրանք պահանջում են նաեւ պատասխանատվության ենթարկել ցույցերի ժամանակ բռնությունների դիմած ոստիկաններին:

Չինաստանի իշխանությունները հայտարարում են, թե բողոքի այս ակցիաների ժամանակ նկատվում են ‘’ահաբեկչության նշաններ’’: Պեկինը պահանջում է խստացնել փողոցային ցույցերը ցրելու միջոցառումները:

Կանխատեսվում է, որ եկող օրերին ու շաբաթներին իրավիճակն այստեղ ավելի կսրվի:

XS
SM
MD
LG