Մատչելի հղումներ

Դեմոկրատները վերջին երկու սպանդների համար դատապարտում են նաեւ Թրամփի վարքագիծը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Օհայոյում ու Թեքսասում միմյանց հաջորդած հրազենային հարձակումների կապակցության արտասանած ելույթի ժամանակ դատապարտեց ատելությունը, ռասիզմն ու սպիտակամորթների գերիշխանությունը: Նա խոսեց մտավոր խնդիրներ ունեցող անձանց կողմից զենք կրելու հարցի մասին, անդրադարձավ բռնություն նկարագրող տեսախաղերին: Սակայն ինչ վերաբերում է զենքի վերահսկողությանը, պետք է ասել, որ անդրադարձավ միայն հպանցիկ կերպով:

Մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ նախագահին են դատապարտում ու նրա հռետորաբանությունը: Նախագահական թեկնածու Բեթո ՕՌուրքեն, որը ներկայացնում է Թեքսաս նահանգը, ասում է, թե ներգաղթյալների դեմ Թրամփի նախկին հարձակումները ժողովրդին մասնատելու գործում խաղացել են իրենց դերը:

Էլ Փասոյում դեմոկրատ կոնգրեսական Վերոնիկա Էսքոբարն էլ ասում է, թե ‘’թունավոր քաղաքական մթնոլորտը ի զորու է դառնալու բռնությունների արագացուցիչ: ‘’Սա մարդկանց անմարդկային ներկայացնելու մահացու հետեւանքն է’’, ասում է նա:


Նախագահ Թրամփը հաճախ է ռասաների ու ներգաղթի հարցերով հանդես եկել վիճահարույց ու հակասական մեկնաբանություններով: Հիշենք Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում 2017 թվականին տեղի ունեցած դեպքերը, երբ նախագահը մեղադրում էր նաեւ ռասիզմի դեմ հանդես եկող ցուցարարներին:

Հիմա, երբ դեմոկրատական ճամբարից ուժեղ քննադատության ալիք է բարձրացել ընդդեմ Թրամփի, նրա խորհրդական Քելիանե Քոնուեյը, նախագահի քաղաքական հակառակորդների մասին խոսելիս, ասում է, թե նրանք պարզապես փորձում են միավորներ վաստակել այս իրավիճակից:

Թրամփի սուր ճառասացության ոճն է պատճառն այս լարվածության, ասում է վերլուծաբան Քայլ Քոնդիքը:

‘’Հորդորել Թրամփին մնալ ավելի նախագահական սահմանների մեջ, կնշանակեր նրան հորդորել դառնալ այլ մարդ’’, ասում է նա` ակնարկելով, որ անհնար է այլեւս ակնկալել փոփոխություն նրա վարքագծում:

Գելափի վերջին հարցումների համաձայն, Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ ցածր, սակայն շատ կայուն` կազմելով 42 տոկոս:

XS
SM
MD
LG