Թուրքիայում լրատվամիջոցների ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններն անհանգստացած են իշխանությունների որոշմամբ, որը ենթադրում է երկրի առցանց հեռարձակողների գրաքննություն եւ ստուգում:
Նոր օրենքով Թուրքիայի Ռադիո եւ հեռուստատեսության գերագույն խորհրդին իրավունք է վերապահվում առցանց հեռարձակողներին ստիպել լիցենզավորում անցնել եւ նույնիսկ դադարեցնել դրանց գործունեությունը պահանջները չկատարելու դեպքում: Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Յաման Աքդենիզի խոսքով, իշխանություններին անհանգստացնում է այն փաստը, որ այսօր Թուրքիայում քաղաքացիների գրեթե կեսն իրենց լրատվության մեծ մասը ստանում է առցանց աղբյուրներից:
«Չմոռանանք, մենք խոսում ենք Թուրքիայի մասին, մի երկրի, որն արգելափակել է Վիքիփիդիա կայքն արդեն երկու տարի», - նշում է Աքդենիզը:
Պարզ չէ նաեւ, թե ինչպես նոր փոփոխությունները կանդրադառնան Թուրքիայի տարածում առցանց հեռարձակվող Netflix-ի, BBC-ի եւ «Ամերիկայի Ձայն»-ի հասանելիության վրա:
Լրատվամիջոցների եւ օրենքի ուսումնասիրության ընկերակցությունը հայտարարել է, որ վիճարկելու է նոր օրենքը, քանի որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը: Ընկերակցության համանախագահ Վեյսել Օքի խոսքով, օրենքի ձեւակերպումները մշուշոտ են, ինչը թույլ է տալիս ցանկության դեպքում կիրառել դրանք լայն շրջանակներում.
«Իշխանությունները կարող են օրինակ սահմանափակել Netflix-ի ֆիլմերը, հայտարարելով, թե դրանց մեջ կան մերկ տեսարաններ, ծխախոտի օգտագործման պատկեր կամ միասեռականության քարոզ»:
Թուրքիան աշխարհում ազատազրկված լրագրողների առավել մեծ թիվն ունեցող երկիրն է, հայտնում է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը: Այսօր Թուրքիայի բանտերում գտնվում է շուրջ 134 լրագրող: