Մատչելի հղումներ

Իրանը բողոքում է իր արտգործնախարարի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների դեմ


Իրանի նախագահ Հասան Ռուհանին գտնում է, որ իր երկրի արտգործնախարարի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ հաստատելու հանգամանքն ավելի է փոքրացնում կողմերի միջեւ բանակցություններ սկսելու հավանականությունը:

Նրա խոսքերով. ‘’ԱՄՆ-ը ամեն օր հայտարարում է, թե պատրաստ է բանակցել, հայտարարում, որ բանակցությունները կլինեն առանց նախապայմանների, սակայն հետո պատժամիջոցներ է հաստատում մեր արտգործնախարարի նկատմամբ’’:

Զարիֆն ասում է, թե պատժամիջոցներն իրեն չեն էլ կարող վնասել, քանի որ չունի որեւէ սեփականություն Իրանից դուրս: Նա ԱՄՆ-ի այդ որոշումը պատճառաբանում է այն հանգամանքով, որ ինքն է Իրանի ‘’առաջին խոսնակն աշխարհի առջեւ’’: Նրա խոսքերով, դա է ցավ պատճառում ԱՄՆ-ին:

Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձինք այս որոշումը բացատրում են այն հանգամանքով, որ ‘’Զարիֆն է Իրանի անխոհեմ արտաքին քաղաքականության հեղինակը’’:
Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա ինչպես այս կառույցի դիվանագիտական անձնակազմի ղեկավար Կարլոս Մարթին Ռուիզ դե Գորդեհուլան է ասել, իրենք ցավում են ԱՄՆ-ում կայացված որոշման համար եւ շարունակելու են աշխատել Զարիֆի հետ, որպես Իրանի ամենաավագ դիվանագետի:
Վերլուծաբան Ցվի Խանն ‘’Ամերիկայի Ձայն’’-ի պարսկական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել այն մասին, որ Զարիֆի դեմ հաստատված պատժամիջոցները չեն փակի ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ ուղիղ բանակցություններ անցկացնելու ճանապարհին առկա դռները: Նրա խոսքերով, Զարիֆն այն գործիչն է, որը կարողանում է հաշտեցման եզրեր գտնել Արեւմուտքի հետ:


Այլ հաղորդագրությունների համաձայն, Թրամփի վարչակազմը չինական, եվրոպական ու ռուսական ընկերություններին ազատել է Իրանի քաղաքացիական նպատականեր ունեցող միջուկային հաստատությունների հետ աշխատելու դեպքում ամերիկյան պատժամիջոցներից:

XS
SM
MD
LG