Դոնալդ Թրամփը դասական հանրապետական թեկնածու չէ եւ 2020-ի նախագահական ընտրություններին նրան հաղթելու համար ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը պետք է փոխի մարտավարությունը: Այս մասին են հայտարարում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական թեկնածու առաջադրվելու համար պայքարող թեկնածուները, որոնք այս շաբաթ Դեթրոյթում մասնակցեցին երկրորդ դեմոկրատական բանավեճի: Օբամայի վարչակազմի ամենաերիտասարդ նախարար, իսկ այսօր՝ դեմոկրատական թեկնածուներից մեկը՝ Ջուլիան Կաստրոն «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում շեշտում է, որ ավանդական ճանապարհով Թրամփին դեմոկրատները չեն կարող հաղթել.
«Մենք պետք է նոր դաշինք կազմել քաղաքացիների հետ: Հենց դա եմ ես փորձելու անել, որպեսզի հաղթենք»:
Անուղղակի այդ մասին էր խոսում նաեւ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով Կալիֆոռնիայի սենատոր Քամալա Հարրիսի քննադատությանը առողջապահության քաղաքականության վերաբերյալ.
«Լինեմ անկեղծ եւ ուղիղ՝ այս ծրագրով դուք նախագահ Թրամփին չեք կարող հաղթել»:
Լինելով դեմոկրատների նախնական ընտրությունների առաջատար, Բայդենն անցած բանավեճին ստիպված էր արձագանքել իրեն ուղղված բոլոր մյուս թեկնածուների քննադատությանը: Ջուլիան Քասթրոն բախվեց Բայդենի հետ ապօրինի ներգաղթի հարցով: Քասթրոն պահանջում է, որ ԱՄՆ-ի սահմանի ապօրինի հատումն ապաքրեականացվի Բայդընը համակարծոք չէ:
«Սահմանն ապօրինի հատողները պետք է հետ ուղարկվեն, քանզի դա հանցանք է»,- նշել էր Բայդենը.
Բայդենի կողմնակից, Դելավերի սենատոր Քրիս Քունսն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշում է սակայն, որ նախկին փոխնախագահն այս անգամ շատ ավելի կոշտ էր պատասխանում մրցակիցների քննադատությանը.
«Ի տարբերություն Մայամիում անցած առաջին բանավեճի, որտեղ փոխնախագահը սխալմամբ ակնկալում էր, որ կյանքում ընկերներ հանդիսացող մարդիկ նրա վրա հրապարակայնորեն չեն հարձակվի, այս անգամ նա շատ ավելի հստակ էր նրանց պատասխանելիս»:
Ավանդույթի համաձայն, կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար ԱՄՆ-ում քաղաքական գործիչներն առաջին հերթին միմյանց դեմ են պայքարում: Պայքար, որը ոչ թե թուլացնում, այլ, մասնագետներից շատերի կարծիքով առավել ուժեղացնում է թեկնածուին՝ հիմնական մրցարշավից առաջ: Դեմոկրատների հաջորդ բանավեճը տեղի կունենա սեպտեմբերին, սակայն, մինչ այդ թեկնածուների թիվը կարող է նվազել:
Facebook Forum