Ըստ վերլուծաբան Էմիլ Սանամյանի՝ Անկարայի որոշումը կապված է Թուրքիայի՝ անկախ արտաքին քաղաքականություն վարելու ձգտման հետ:
«Ս-400 գործարքը այս քաղաքականության մաս է կազմում»,- կարծում է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:
Ադբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը ևս համակարծիք է Էրդողանի վարած անկախ արտաքին քաղաքականության գործոնի հետ: Անկարան դժգոհ է Վաշինգտոնից՝ Սիրիայի հետ կապված տարաձայնությունների պատճառով: Մոսկվայի հետ համագործակցությունը Թուրքիան օգտագործում է որպես լծակ թուրք-ամերիկյան հարաբերություններում, ասում է նախկին դեսպանը:
Վերլուծաբանները տրամաբանական են գնաատում Միացյալ Նահանգների կոշտ արձագանքը: Բացի տեխնիկական անհամատեղելիության գործոնը, որ ռուսական համակարգերն ունեն ամերիկյան հակաօդային համակարգերի հետ, գործարքը խնդիրներ է ստեղծել նաեւ քաղաքականդաշտում:
«ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցում, փորձելով սահմանափակել իր դաշնակիցների ու Մոսկվայի միջև ռազմական կապերը, միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան խոշոր ռազմական գործարք է կնքում հակառակորդ պետության հետ»,- ասում է Սանամյանը:
«Կարծում եմ նախագահը ճիշտ է վարվել՝ թուրքական կողմին նախազգուշացնելով, որ եթե իրենք կնքեն գործարք Ռուսաստանի հետ, մենք չենք վաճառի F 35 կործանիչները, քանի որ Ռուսաստանը կարող է օգտագործել այն՝ F 35 հնարավորությունների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ ստանալու համար»,- նշում է Կազլյարիչը:
ԱՄՆ, սակայն, չի ձգտում լիովին դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ: Սանամյանը կապում է դա Իրանի ու Ռուսաստանի խնդիրների հետ, որոնք ստիպում են ԱՄՆ-ին որոշակիորեն վերանայել մոտեցումներն այս հարցում: F 35 կործանիչների շուրջ պատժամիջոցների սահմանումը, ըստ Սանամյանի, երկուստեք ընդունելի տարբերակ է:
Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա այս զարգացումներն, ըստ վերլուծաբանների, չեն ունենա ուղիղ ազդեցություն: Դրանք չեն փոխի ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում, իսկ այսօր Անկարան ու Մոսկվան շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության վերսկսման մեջ, գտնում է Էմիլ Սանամյանը:
Դեսպան Կազյարիչի կարծիքով ազդեցությունը կարող է լինել անուղակի:
«Չեմ կարծում, որ այս զարգացումները, մասնավորապես ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա կամ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ուղակիուրեն առնչվում են Հարավային Կովկասին: Միեւնույն ժամանակ Կովկասյան երկրներին ձեռնտու չէ խոշոր երկրների միջև լարվածությունը: Երբ խոշոր տերությունների միջեւ լարվածությունն աճում է, դա որպես կանոն բարդացնում է հարեւան փոքր երկրների կյանքը»։
Անդրադառնալով մամուլի միջոցներում եղած մի շարք հրապարակումներին այս համակարգերի տեղակայմանը այլ երկրների տարածքում, մասնավորապես Ադրբեջանում, դեսպանը նշում է.
«Ռուսասաատնբի կողմից մատակարարվող պաշտպանական համակարգերն ու հրթիռների մասով մի շարք հրապարակումների եմ հանդիպել դրանց տեղակայման մասին, մասնավորապես Ադրբեջանի տարածքում: Չեմ կարծում, որ այս տեղեկությունները հիմնավորված են»։
Չնայած հարաբերություններում առկա ճգնաժամի՝ դեսպան Կազլյարիչը վստահ է՝ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան իր ապագան կապում է Արևմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ: Էմիլ Սանամյան էլ հիշեցնում է նման մի նախադեպի մասին, երբ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Հունաստանը գնել էր Ս-300 ռուսական համակարգերը, որոնք ի վերջո տեղակայվեցին Կրետե կղզում՝ համալրելով երկրի հակաօդային պաշտպանության համակարգը: Թուրքիայի պարագայում կարծում է վերլուծաբանը Ս-400 կգործի անկախ ՆԱՏՕ-ի համակարգից:
Facebook Forum