Չնայած անօրինական փախստականներին հայտնաբերելու նպատակով շուրջկալներ սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրահանգին, Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը խոստացել է իր քաղաքը պաշտպանել նման գործողություններից:
Իսկ մի շարք քաղաքներում, այդ թվում Նյու Յորքում, Չիկագոյում ու Լոս Անջելեսում սկսված շուրջկալները բողոքի ալիք են բարձրացրել տարբեր համայնքներում:
Սան Դիեգոյում բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի սահման, Վաշինգտոնում Կոնգրեսի անդամները շարունակում են բողոքել միգրանտների համար նախատեսված կալանատներում սանիտարահիգիենիկ անմխիթար իրավիճակի համար:
Իսկ երկրի սահմանապահ ուժերի հրամանատարները բողոքում են, որ երկրի սահմանն անօրինական եղանակով անցնողների թիվը կտրուկ մեծացել է`յուրաքանչյուր ամիս հասնելով 10 հազարի: Հանրապետական կոնգրեսականների խոսքերով, սա իսկական ճգնաժամ է:
Նախագահ Թրամփի կողմնակիցներն ասում են, թե հարկավոր է, որ Կոնգրեսը լրացնի ներգաղթի մասին օրենքում բացթողումները: Նախագահի քննադատների խոսքերով, ներգաղթի համակարգն ընդհանրապես թերի է եւ ունի լիովին վերանորոգվելու կարիք:
Մեծ թվով եկեղեցիներ ԱՄՆ-ում հայտարարել են վտարման վտանգի տակ հայտնված անձանց իրենց կամարների տակ պաշտպանություն ապահովելու պատրաստակամության մասին: