Մատչելի հղումներ

Հափշտակության մեջ մեղադրվող ամերիկյան պետծառայողը կարող է 10 տարի անազատության մեջ անցկացնել


«Ամերիկայի Ձայն»-ը կառավարող կառույցի՝ Միացյալ Նահանգների գլոբալ լրատվամիջոցների գործակալության ղեկավար անդամներից մեկի դեմ ԱՄՆ-ի իրավապահները պետական միջոցներ հափշտակելու մեղադրանք են առաջադրել:

Մերձավոր Արեւելքի մասնագետ ու մի շարք գրքերի հեղինակ Հարուն Ուլահը, ով 2017-ից աշխատել է Միացյալ Նահանգների գլոբալ լրատվամիջոցների գործակալության ռազմավարության գլխավոր պատասխանատու, մեղադրվում է կեղծ ստացականների միջոցով պետությունից ավելի քան 40,000 դոլար հափշտակելու մեջ: Իրավապահների տվյալներով, Ուլահը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել եւ գումարներ ստացել գործուղումների եւ հյուրանոցային ծախսերի համար, որոնք երբեք չի կատարել: Դրանից բացի, Հարուն Ուլահը իր սեփական գրքերը գովազդելուն ուղղված միջազգային շրջագայությունները ներկայացրել է որպես գործակալության համար կատարած աշխատանքային գործուղումներ եւ դրանց ամբողջ ծախսի համար հատուցվել պետության կողմից:

Լրատվամիջոցները մանրամասնում են, որ մի շարտ դեպքերում Ուլահը նաեւ կեղծել է իրական ստացականները՝ ավելացնելով դրանց գումարը: Օրինակ, գործուղման շրջանակներում Ուբերի տաքսի ծառայությունից օգտվելուց հետո Հարուն Ուլահը ստացականի վրայի պատկերված իրական 20 դոլարը կեղծել, դարձրել է 70 դոլար, որ ի համար կազմակերպությունից փոխհատուցվել է: Պաշտոնյան նաեւ ներկայացրել է կեղծ փաստաթուղթ բժիշկի կողմից, որտեղ նշված է եղել, թե իբր ծունկի հետ կապված հիվանդության հետեւանքով Հարուն Ուլահը պետք է երկար ավիաչվերթների ընթացքում պառկած վիճակում լինել, ինչի արդյունքում պետությունը ստիպված է եղել գնել նրան անհամեմատ ավելի թանկ «բիզնես դասի» տեղեր ինքնաթիռում: Հատկանշական է, որ բոլոր փաստաթղթերը Հարուն Ուլահը կեղծել է հենց աշխատանքային համակարգչի օգնությամբ:

Ուլահի ներկայացրած կեղծ փաստաթղթերը սկզբում հարցեր են հարուցել հենց Միացյալ Նահանգների գլոբալ լրատվամիջոցների գործակալության ֆինանսական մասնագետների մոտ, որից հետո նրանք դիմել են ԱՄՆ-ի Գլխավոր տեսուչի վարչություն, որն էլ իրավապահների հետ միասին բացահայտել է ամբողջ պատմությունը: Հունիսի 27-ին դատարանում Ուլահն ընդունել է մեղադրանքները: Հարուն Ուլահը կարող է ազատազրկվել մինչեւ 10 տարի ժամկետով:

Facebook Forum

XS
SM
MD
LG