Վաշինգտոնը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ, միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները խախտելով, Իրանն ավելի է մեկուսացնում ինքն իրեն, սակայն միեւնույն ժամանակ կրկնեց, որ պատրաստ է բանակցություններ սկսել Թեհրանի հետ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության արտակարգ հանդիպմանն ուղղված ԱՄՆ-ի հայտարարության մեջ ասված է, թե Ամերիկան Իրանին կոչ է անում դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները եւ պատրաստ է բանակցություններ սկսել առանց նախապայմանների։ ՝՝Մենք Իրանին ներկայացնում ենք հարաբերությունները լիակատար կերպով բարելավելու հնարավորություն՛՛, ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ անցած երկու շաբաթների ընթացքում Իրանը վերսկսեց ուրանի հարստացման աշխատանքները՝ 2Օ15 թվականի միջուկային միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոտնահարելով։ Թեհրանը հայտարարում է, որ այդ քայլին է գնացել, քանի որ ԱՄՆ-ը դուրս է եկել պայմանագրից, իսկ իր դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար պայմանագրի մյուս կողմերը լուրջ միջոցների չեն դիմել։
Միջուկային գործարքը փրկելու նպատակով Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ է չորեքշաբթի օրը հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական հարցերով ավագ խորհրդական Էմանուել Բոնը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ողջունել է Ֆրանսիայի ջանքերը։
Մինչ Բոնի կողմից Թեհրան այց կատարելը, նախագահ Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Թրամփի հետ։ Նա ավելի վաղ զրուցել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ՝ լարվածությունը մեղմելու ուղիներ գտնելու նպատակով։