Հարավային Կորեայում մարդիկ արդեն մի քանի տասնամյակ ապրում են հյուսիսային հարեւանի կողմից հարձակման ենթարկվելու վախի մթնոլորտում: Իսկ երբ Հյուսիսը սկսեց իրականացնել միջուկային փորձարկումներ, Հարավում սկսեցին ավելի կարեւորել Հյուսիսի հետ հարատեւ խաղաղություն հաստատելու ջանքերը:
Սակայն Հարավային Կորեայում փոքր չէ այն մարդկանց թիվը, ովքեր ասում են, թե բանակցային գործընթացում ԱՄՆ-ի մասնակցությունն ավելի է հետաձգում երկու Կորեաների միջեւ հաշտեցումն ու վերջնական վերամիավորումը:
‘’Կարծում ենք, որ Հյուսիսն ու Հարավը պիտի դադարեցնեն ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի վրա եւ պիտի իրենց խնդիրները լուծեն միմյանց միջեւ’’, ասում են շատերը:
Թրամփի ու Կիմի միջեւ երրորդ հանդիպումն էլ մեծաթիվ քննադատներ համարում են պարզապես քաղաքական մի ցուցադրություն:
‘’Այս հանդիպումը Թրամփը կիրառում է իր վերընտրության համար, իսկ Հարավի նախագահ Մունը փորձում է դրանից քաղել իր օգուտները’’, ասում են Հարավային Կորեայում:
Իսկ ինչպես ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Բերնի Սանդերսն է ասել ABC հեռուստակայանին, ‘’Միացյալ Նահանգներն ունի իսկական դիվանագիտության կարիք: Հանդիպման նպատակը միայն միասին ցուցադրական լուսանկարվելը չպետք է լինի’’:
Նախագահական մեկ այլ թեկնածու Ջուլիան Կաստրոյի կարծիքով, կիրակի օրն անցկացված հանդիպումից միակ շահողը եղել է Կիմ Չան Ընը, որը նրա խոսքերով, նաեւ այս եղանակով է ամրապնդում բռնակալի իր դիրքերը:
ԱՄՆ-ում ու աշխարհի տարբեր հատվածներում սակայն կա հույս, որ մի օր Կորեական թերակղզին կմիջուկազերծվի ու այն վախն ու ատելությունը, որն այստեղ մարդիկ ապրում են սերնդե սերունդ, կվերանան: Իսկ թե որքանով դրան կնպաստի Հյուսիսային Կորեա ԱՄՆ-ի որեւէ նախագարի կողմից առաջին անգամ այց կատարելու Թրամփի այս հանկարծակի քայլը, ցույց կտա ապագան: