Մատչելի հղումներ

Մանրամասներ Քոչարյանի, Փաշինյանի եւ ղարաբաղյան կարգավորման մասին միջնորդի կողմից


Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշեց, որ թեեւ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բեկում չի գրանցվել, այդուհանդերձ, զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարեւոր նշանակություն ունի: Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջեւ ծագած հակասություններին, Քավանոյի կարծիքով կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները.

«Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն՝ տարբեր կերպ: Հակառակ դեպքում, անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ»:

Քերի Քավանոյի խոսքով, թեեւ Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ ղարաբաղյան կողմի բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով որոշ քայլեր Ադրբեջանում արվել են.

«Թեեւ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձեւաչափը պետք է անփոփոխ մնա, այնուամենայնիվ, ես նկատել եմ, որ Բաքուն ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը, ավելացնելով այնտեղ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը: Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձեւաչափը փոխելու հեռանկարներով»:

Բանակցությունների ներկա ձեւաչափը վերջնականապես ձեւավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբից, հիշեցնում է միջնորդը.

«Մենք այդ փոփոխության ականատեսը եղանք Քոչարյանի օրոք: Այդպես շատ ավելի հեշտ էր՝ հաշվի առնելով իր նախորդ աշխատանքը Ղարաբաղում, նրան հեշտ էր ներկայացնել միաժամանակ ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ղարաբաղի ժողովրդին: Սերժ Սարգսյանի ժամանակ իրավիճակը նույնը մնաց: Սակայն, Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ չի կարող ներկայացնել Ղարաբաղը, եւ ներկայացնում է միայն Հայաստանը»:

Անդրադառնալով 2001-ի ապրիլին Քի Վեստում անցած բանակցություններին, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը եւ այնտեղ քննարկվող այսպես կոչված «Մեղրիի փախանակման տարբերակին», Քերի Քավանոն, ով այդ ժամանակ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր, նշեց, որ իրականությունը փոքր ինչ այլ էր եւ սեղանի վրա դրված տարբերակները՝ ոչ այդչափ պարզունակ: Դրանից բացի, Քի Վեստում, միջնորդի խոսքով, ի սկզբանե չէր նախատեսվում որեւէ փաստաթուղթ ստորագրել, այլ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պիտի ստորագրվեր որեւէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում:

Facebook Forum

XS
SM
MD
LG