Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի ելույթի մեջբերումը, որը Ռուսաստանի Արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության տնօրեն Մարիա Զախարովան որոշել էր աղավաղել եւ իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում հրապարակել, սուր վեճեր առաջացրեց սոցցանցերի հայկական հատվածում: Օգտատերերի մի մասը մատնանշում էր, որ աղավաղելով եւ համատեքստից դուրս հանելով Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված, Զախարովան փորձում է ծաղրել, ինչը վայել չէ երկիր ներկայացնող դիվանագետին, մինչդեռ մյուս մասը քննադատում էր Նիկոլ Փաշինյանին՝ իրենց կարծիքով ծաղրանքի արժանանալու համար:
Անցնենք փաստերին՝ ահա, թե ինչ էր հայտարարել Փաշինյանն իրականում.
«Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, անհրաժեշտ է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար կա միայն մեկ ճանապարհ, այն կոչվում է փոխզիջում: Պետք է աշխատել փոխզիջմանը հասնելու ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք եւ, ինչպես նշեց Վլադիմիր Վլադիմիրովիչը, միմյանց շահերի ընկալում եւ հարգանք այդ շահերի նկատմամբ: Եթե բոլոր գլոբալ խաղացողները ընկալեն իրավիճակն այսպես եւ պատրաստ լինեն պատասխանատվություն ստանձնել նման փոխզիջումների համար, ինչն, անշուշտ, հեշտ բան չէ, սակայն, փաստացի, միակ ուղին է, քանի որ մյուս ճանապարհները մեզ մեծ խնդիրներ են բերելու»:
Նիկոլ Փաշինյանի այս ելույթից Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակը հանել էր մեկ անավարտ նախադասություն, աղավաղել այն եւ գրել իր պաշտոնական Ֆեյսբուքի էջում՝ «Փաշինյանը Պիտերի գագաթաժողովին՝ «երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»: «Այսուհետ, սա իմ կարգախոսն է», քիչ անց ավելացրել էր Զախարովան: Հայ օգտատերերի քննադատության լայն ալիքը սակայն ստիպեց Ռուսաստանի դիվանագետին ավելի ուշ խմբագրել իր գրառումը՝ մեջբերումը բերելով ամբողջությամբ եւ համատեքստի մեջ: «Հատուկ օժտվածների համար հստակեցնում եմ՝ դա ընդգրկուն է, դրական եւ հիանալի: Ինձ շաաաաաատ դուր եկավ: Իսկ սադրիչներին մի լսեք», - հավելել էր իր գրառմանը Մարիա Զախարովան, փորձելով հերքել ծաղրելու մեղադրանքները:
Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի հետ տեղի ունեցած միջադեպը սակայն կարեւոր հարց բարձրացրեց, հարց, որին տարբեր պետությունների ղեկավարներ տարբեր կերպ են պատասխանում: Արդյո՞ք երկրի ղեկավարը պետք է ելույթ ունենա օտար լեզուներով, թե՝ միայն պետական լեզվով, թարգմանչի միջոցով: Հարցն անհրաժեշտ է դիտարկել տարբեր հարթություններում, նշում են մասնագետները:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հանրային դիվանագիտության պրոֆեսոր Ֆիլիպ Սեիբի կարծիքով, պետության ղեկավարը պետք է պաշտոնական ելույթներում օգտագործի պետական լեզուն: «Նրանք ունեն սեփական լեզուն, ինչո՞ւ պետք է ելույթ ունենան մեկ այլ ժողովրդի լեզվով», - նշում է Սեիբը: Պետական լեզվով ելույթներ ունենալն ունի նաեւ մեկ այլ նշանակություն՝ այսպես պետության բոլոր քաղաքացիները հստակ հասկանում են, թե ինչ է ասել իր ելույթներում, այդ թվում եւ՝ արտերկրյա, իրենց պետության ղեկավարը: Ի դեպ, ավելի քան մեկ տասնամյակ առաջ, 2007-ին, հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միջազգային միջոցառումներին երկիրը ներկայացնող պաշտոնյաները, այդ թվում եւ ինքը, մայրենի լեզվով պետք է ելույթ ունենան: Հնդկաստանի վարչապետ Մոդին 2014-ից որոշել է անգլերենի փոխարեն ելույթ ունենալ հնդկերենով: Պետական լեզվով են նախընտրում ելույթ ունենալ նաեւ Չինաստանի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը: Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը նույնիսկ որոշել էր Միացյալ Նահանգների Կոնգրեսում ելույթ ունենալ գերմաներեն՝ թարգմանչի միջոցով:
Այլ պետությունների ղեկավարներ այնուամենայնիվ նախընտրում են երբեմն ելույթ ունենալ օտար լեզվով, որպես այդ երկրի նկատմամբ հատուկ հարգանքի դրսեւորում, հարգանք, որն ակնկալվում է որ կգնահատվի: Իսրաելի բազմաթիվ ղեկավարներ Միացյալ Նահանգներում ելույթ էն ունենում անգլերեն, որպես ԱՄՆ-ի հետ բարեկամության խորհրդանիշ, ինչը մեծ ոգեւորությամբ է ընդունվում ամերիկացիների կողմից: Այնպես որ, յուրաքանչյուրը պետք է ինքը գտնի խնդրի լուծումը՝ ծանր ու թեթեւ անելով բոլոր փաստարկները, սակայն, թարգմանչի օգնությամբ խոսելն ունի եւս մեկ առավելություն, հիշեցնում են մասնագետները՝ այն տալիս է հավելյալ վայրկյաններ դիրքորոշում արտահայտելուց առաջ:
Facebook Forum