Մատչելի հղումներ

Ինչ է սպասվում հետընտրական Եվրոպային


Եվրոպացի առաջնորդները հանդիպել են Բրյուսելում՝ քննարկելու եվրոպական ընտրությունների արդյունքները: Քննարկվող թեմաներից մեկն էլ վերաբերում էր Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահի ընտրությանը

Եվրոպական ընտրությունների ընթացքում հաջողություն գրանցած Իտալիայի փոխվարչապետ Մաթեո Սալվինին, ով առաջնորդում է ծայրահեղ աջակողմյան Լիգա կուսակցությունը, հայտարարել է, որ ազգայնականների հաջողությունը ակնկալում է փոփոխություններ ԵՄ դաշինքում:

«Ոչ միայն Լիգա կուսակցությունն է առաջատար Իտալիայում, այլ Մարին Լը Պենը՝ Ֆրանսիայում, Նայջել Ֆարաջը՝ Բրիտանիայում: Ուստի այս ամենը վկայում է Եվրոպայում փոփոխության մասին»,- ասել է Սալվինին:

Սպիտակ տան նախկին խորհրդական Սթիվ Բենոնը, ով այժմ աշխատում է Եվրոպայում, արել էր նույն կանխատեսումները:

«Ինտեգրացման շարժումը, որը մշտապես Եվրոպայի հիմքում էր, այսօր այլևս ողջ չէ: Այսուհետ չեք տեսնի Բրյուսելում Յունկերին կամ նրանց թիմից որևէ մեկին, ովքեր առաջ են տանում ինտեգրացման գաղափարը: Նրանք հասկանում են, որ մարդիկ Եվրոպայում այլևս չեն աջակցում դա»,- նշել է Բենոնը:

Սակայն այս մոտեցումը չի կիսում Եվրախորհրդարանում Հանուն Եվրոպայի Լիբերալների ու դեմոկրատների խմբի ղեկավար Գի Վերհոֆշթադը:

«Ամենամեծ հաղթանակը լիբերաներինն է: Միգուցե դա այնքան էլ նկատելի չէր ընտրության գիշերը, սակայն մենք ստացել ենք 40 տեղ խորհրդարանում, որի արդյունքում դարձել ենք մեծ խումբ՝ շուրջ 110 պատգամավորներով: Եվրախորհրդարանում կլինի ուժի նոր հավասարակշռություն»,- ընդգծում է նա

Լիբերալների, կանաչների ու եվրոսկեպտիկների հավաքած ձայներն ավելի պառակտված Եվրախորհրդարան են խոստանում: Չնայած եվրոպամետ ուժերի որոշ կորուստներին, նրանք շարունակում են գերիշխել խորհրդարանում: Քաղաքական առաջնորդներն ասում են, որ ընտրողները հստակ առաջնահերթություն են տվել կլիմայի փոփոխության և տնտեսական զարգացման հարցերին: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն նշում է, որ այս խնդիրներն առաջնային տեղ կզբաղեցնեն եվրոպական օրակարգում մոտակա 5 տարիների ընթացքում և իրենց ազդեցությունը կթողեն Եվրահանձնաժողովի նախագահի ընտրության հարցում: :

Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժան Կլոդ Յունկերի փոխարեն քննարկվում են մի շարք թեկնածուներ, ներառյալ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրաղի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի անունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG