Եվրախորհրդարանի ընտրություններում գրանցվել է ընտրողների առավել բարձր մասնակցություն: Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ Շվեդիայում ընտրություններին մասնակցել է ընտրողների 50 տոկոսից ավելին: Եվրոպայում կարծիքները կիսվել են աջակողմյան եւ կենտրոնամետ ուժերի միջեւ:
«Մենք պետք է ընդդիմանանք ծայրահեղ աջակողմյան ուժերի, պետք է լինենք հանուն կանանց եւ աշխատավորների իրավունքների», - նշում է Շվեդիայի վարչապետ Սթեֆան Լոֆվենը:
Ներգաղթի հակառակորդներն իրենց հերթին հույս ունեն ձայներ հավաքել:
«Սա 2015-ի ներգաղթային ճգնաժամից հետո առաջին ընտրություններն են եւ Եվրոպայի բազմաթիվ երկրներում հնարավորություն չի եղել դեռեւս արտահայտվել այդ խնդրի շուրջ», - նշում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Իտալիայում եւ Բրիտանիայում նախնական արդյունքներով հաղթանակ են տարել պոպուլիստները, Ավստրիայում եւ Ֆրանսիայում նույնպես հաղթում են աջակողմյան ուժերը: Չնայած այն բանին, որ աջակողմյան կուսակցություններին չի հաջողվել ցնցող հաղթանակ արձանագրել, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց ճեղքել ավանդական կենտրոնամետ դաշինքի մեծամասնությունը, որի արդյունքում Եվրախորհրդարանը դարձել է ավելի մասնատված, քան երբեւէ: Լեհաստանի 1980-ականների Միասնություն շարժման առաջնորդ Լեհ Վալենսան համաեվրոպական միասնության կոչ է արել.
«Առկա է հսկայական անվստահություն, մենք բոլորոս կիսված ենք եւ բարդ է միավորվելը, սակայն, մենք այլ ելք չունենք՝ կամ կկործանենք մեր քաղաքակրթությունը, կամ կկառուցենք այն խելամիտ ճանապարհով»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն ասել է, որ ընտրություններն անցնում են «Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում առավել վտանգավոր պահի»:
Facebook Forum