ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Սպիտակ տանը ներկայացնելու է դեպի Մերձավոր Արեւելք հազարավոր թվակազմով ռազմական նոր ուժեր տեղակայելու մի ծրագիր։
Պաշտոնատար անձինք, որոնք խնդրել են իրենց անունները չհրապարակել, ասել են, թե նոր ուժեր տեղակայելու առաջարկությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Դեռեւս պարզ չէ, Սպիտակ տունը կհաստատի նման, թե կրճատված թվակազմով հավելյալ ուժեր ուղարկելու առաջարկը։ Ըստ ներկայացված առաջարկի, խոսք է գնում նաեւ ՝՝Փաթրիոթ՛՛ մակնիշի հրթիռային կայանքներ ու հավելյալ նավեր տեղակայելու մասին։
Լարվածությունը Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ սրվել սկսեց, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանից նավթի արտահանումները լիովին կասեցնելու իր որոշման մասին, եւ ռազմանավեր ուղարկեց դեպի Պարսից ծոց, իր խոսքերով ասած, Իրանից սպառնացող վտանգի առաջն առնելու համար։
Սակայն չնայած հռետորաբանությանը, Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանին անցյալ շաբաթ ասաց, թե ինքը չի ցանկանում պատերազմ սկսել ընդդեմ Իրանի։
Այսպիսով, եթե Թրամփը հաստատի հավելյալ ուժեր Մերձավոր Արեւելք ուղարկելու մասին առաջարկը, իր դիրքորոշման մեջ կգրանցի նկատելի տեղաշարժ, քանի որ նախկինում բազմիցս է ասել, թե ցանկանում է մեծապես կրճատել ամերիկյան ուժերի ներկայությունն այս տարածաշրջանում։