Մատչելի հղումներ

Դանիայում գտել են ներգաղթյալների դեմ պայքարելու վիճելի միջոց


Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենից երկու կիլոմետր դեպի հարավ գտնվում է Լինդհոլմ կղզին, որը վերջերս ստացել է «դանիական Գուանտանամո» անվանումը: Այստեղ են տեղափոխելու 100 հանցագործի: Տեղի բնակչությունը նախաձեռնությանը դեմ է արտահայտվում. Դեռեւս մեկ դար առաջ անասնաբուժական հետազոտությունների կենտրոնի վերածված կղզում ուսումնասիրում են մահացու հիվանդություններ:

Դանիայի աջակողմյան կառավարությունը նախատեսում է կղզին բացօթյա բանտի վերածել, որտեղ պահվելու են նախկինում հանցանք գործած եւ դրա համար պատիժը կրելուց հետո ազատ արձակված ապօրինի ներգաղթյալները, որոնց տարբեր պատճառներով Դանիան չի կարող հետ ուղարկել: Նրանք պարտավոր կլինեն գիշերն անցկացնել կղզում, իսկ ցերեկները կարող են լաստանավով անվճար ժամանել Դանիայի մյուս մասերը: Հարեւան նավահանգստի բնակչությունն անհանգստացած է:

«Ի՞նչ են անելու նրանց հետ, ովքեր գիշերը կղզի չվերադառնան: Մենք շատ անապահով ենք մեզ զգում եւ այդ ամենը մեր գողտրիկ քաղաքի վրա բացասաբար կանդրադառնա», - նշում է տեղի գործարար Յոահիմ Բրիքս Հանսենը:

Իրավապաշտպաններն իրենց հերթին հիշեցնում են, որ նման վերաբերմունքը եվրոպական օրենքների խախտում կհամարվի: Ի պատասխան, Դանիայի ներգաղթի նախարարն իր Ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այդ մարդիկ ցանկալի չեն Դանիայում եւ նրանք դա կզգան»:

Դանիայում, ինչպես Եվրամիության մյուս երկրներում ներգաղթի եւ ազգային ինքնության հարցերը որոշիչ գործոն են լինելու Եվրոպայի ապագա ուղին ընտրելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG