Մատչելի հղումներ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպեց ամերիկյան փորձագետների հետ


ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը German Marshal Fund հաստատությունում հանդիպեց ամերիկացի փորձագետների հետ ու պատասխանեց վերջիններիս հարցերին:

Հեղափոխությունը Հայաստանում հանգեցրեց բազմաթիվ ներքին փոփոխությունների, նշում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում:

German Marshal Fund հաստատությունում ամերիկացի փորձագետների հետ հանդիպման ընթացքում նա ընդգծեց, որ խաղաղ թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի առջև՝ արդար ընտրությունների միջոցով ձևավորելով հանրային վստահություն վայելող իշխանություն:

«Հայաստանում հանրային վստահությունը զգալիորեն փոխվեց կառավարության նկատմամբ, որը մեծ հնարավորություններ է ստեղծում փոփոխություններ իրականացնելու համար»,- նշում է Գրիգորյամնը:

Տնտեսական զարգացումը, հետագա ժողովրդավարացումն ու անվտանգության ապահովումը գործող իշխանությունների հիմնական օրակարգային ոլորտներն են: Նա ընդգծում է իշխանության վճռականությունը բարեփոխելու այդ ոլորտները: Սակայն, այդ ուղղությամբ կան լուրջ մարտահրավերներ, որոնցից է, ըստ Գրիգորյանի, դատական գործող համակարգը: Վեջինիս բարեփոխումը նա դիտարկում է որպես հեղափոխության երրորդ փուլ, որն արդեն հայտարարված է:

Այս առումով անհրաժեշտ է անցումային արդարադատության կիրառում միջազգային հանրության փորձառության ու հանրային վստահության աջակցության միջոցով: Արմեն Գրիգորյանը կարևորում է այս հարցում խորհրդարանի դերը որպես բարեփոխումը իրականացնող հիմնական մարմին:

Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրներից Գրիգորյանն առանձնացրեց մենաշնորհները, որոնց վերացման ուղղությամբ նոր իշխանությունների ձեռնարկած քայլերը տվել են դրական արդյունքներ:

«Նոր իշխանությունների առաջին ձեռնարկած քայլերից էր բոլոր այն խոչընդոտների վերացումը, որոնք արգելում էին նոր ընկերությունների մուտքը մենաշնորհային շուկաներ, ինչպիսիք էին օրինակ շաքարավազի կամ բանանի ներմուծումները»,- ասում է Գրիգորյանը:

Նրա մատնանշած կարևոր այլ ոլորտներից են պետական ծախսերի արյունավետությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը:

«Կոռուպցիայի գործոնը զգալիորեն ազդում էր պետական ծախսերի ոլորտի վրա: Այժմ կոռուպցիան զգալի չափով նվազել է: Կարող ենք արձանագրել, որ վերին օղակներում այն չկա, իսկ եթե բացահայտվի, ապա մեղավորները կպատժվեն: Կոռուպցիան անընդունելի է»,- նշում է Գրիգորյանը:

Արտասահմանյան ուղիղ ներդրումներն ու Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը այն հիմնական ուղղություններն են, որոնք, ըստ Գրիգորյանի, կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը: Երկու ուղղությամբ էլ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Այստեղ ևս կարևոր է արդար դատական համակարգի առկայությունը:

Անվտանգության և արտաքին քաղաքական օրակարգին անդրադառնալով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ դեռևս հեղափոխության օրերին հայտարարվել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվելու, սակայն արտաքին քաղաքական բոլոր ուղղությունները պետք է արդյունավետ կերպով օգտագործվեն:

Խոսելով Հայաստանի ամենակարևոր արտաքին հիմնախնդրի՝ ղարաբաղյան հակամարտության մասին՝ Գրիգորյանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը, որն, ըստ նրա, ոչ թե ձևաչափի փոփոխություն է, այլ նախկին ձևաչափի վերականգնոմ: Նա կոչ արեց միջազգային հանրությանը աշխատել Լեռնային Ղարաբաղի հանրության հետ՝ անկախ կարգավիճակին առնչվող վերապահումների։

Facebook Forum

XS
SM
MD
LG