ԱՄՆ Էթիկայի գծով պետական գրասենյակը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշվում է, որ նախագահ Թրամփի ընտանիքին պատկանող Trump International հյուրանոցը մայրաքաղաք Վաշինգտոնում անցած տարի ունեցել է ավելի քան 40 միլիոն դոլարի եկամուտ, ավելի շատ, քան նախորդ տարիներին:
Օրենքի համաձայն, նախագահը պարտավոր է բացահայտել բոլոր եկամուտները, որոնք գոյանում են իր բիզնեսների ակտիվությունից:
Նրա եկամուտների հայտարարագիրը արձանագրում է , որ նախագահին պատկանող Mar-a-Lago-ն, որը գտնվում է Ֆլորիդայում, ավելի քան 2 միլիոն դոլարի կորուստ է արձանագրել:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը բազմիցս ենթարկվել է քննադատության բիզնեսային իր եկամուտների պատճառով, որոնք ըստ քննադատների, շահերի բախում են առաջացնում նրա քաղաքական և գործարար ակտիվության միջև:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականին նախագահ Թրամփը հայտարարագրել է շուրջ 434 միլիոն դոլարի եկամուտ, որը ավելի քիչ է՝ համեմատած 2017 թվականի 450 միլիոն դոլարի հետ:
Facebook Forum