2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների և ժամանակավոր աշխատավորների համար: Նրանցից շուրջ 2 տոկոսը խախտել է մնալու ժամկետները:
Սպիտակ տունը կարգադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ու ներքին գործերի նախարարությանը 3 ամսում ուղիներ գտնել վիզայի ժամկետները խախտողների թիվը կրճատելու ուղիներ:
ԱՄՆ-ի վարչակազմը խոստանում է խստացնել վիզաների տրամադրման գործընթացն այն երկրների համար, որոնց քաղաքացիները շարունակաբար խախտում են վիզաների ժամկետները: Այս նախաձեռնությունը դիտարկվում է Թրամփի վարչակազմի՝ անօրինական ներգաղթի դեմ կոշտ քաղաքականության համատեքստում:
Պաշտոնական տվյալների համաձայն վիզաների խախտման դեպքերի թիվը գերազանցում է սահմանային խախտման դեպքերին: Ըստ որոշ հաշվարկների, այսօր ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 11 միլիոն անօրինական ներգաղթյալ:
Վերլուծաբանները սակայն համաձայն չեն երկրները թիրախավորելու վարչակազմի մոտեցման հետ:
«Չադի քաղաքացիների կողմից վիզաների ժամկետների խախտումները կազմում են 20 տոկոս: Բայց խոսքը գնում է օրինակ 2017 թվականին 140 անձանց մասին, այն դեպքում, երբ Միացյալ Թագավորության պարագայում ունենք օրինակ 23000 խախտողներ: Չնայած տոկոսային առումով բրիտանական թիվը մեծ չէ, բայց 23000 թիվն անհամեմատ մեծ է 140-ից»,- ասում է Ռիկ Սուն Բաֆոլոյի համալսարանից:
Վարչակազմը չարձագանքեց Ամերիկյաի Ձայնի հարցադրմանը՝ կապված այս նախաձեռնության դրդապատճառների հետ, սակայն ներգաղթի գծով ակտիվիստները նշում են, որ այն անարդարացիորեն թիրախավորում է աֆրիկյան երկրները:
«Եթե կառավարությունը որոշի սահմանափակել B1B2 կամ բիզնես վիզաների տրամադրումն աֆրիկյան երկրներին, ապա դա կարող է հանգեցնել խտրականության մեղադրանքով դատական հայցի»,- նշում է Աֆրիկյան ծառայությունների կոմիտեի ներկայացուցիչ Սամահ Մքգոնա Սիսայը:
Ըստ վերլուծաբանների, ավելի փոքր և քիչ զարգացած երկրներ թիրախավորելով , վարչակազմը փորձում է խուսափել խոշոր երկրների հետ խնդիրների ծագումից, մասնավորապես Կանադայի, Միացյալ Թագավուրության կամ Մեքսիկայի:
Այսօր վիզաների ժամկետներն ամենաշատը խախտող երկրներից են Կանադան, Մեքսիկան, Միացյալ Թագավորությունը, Բրազիլիան և Վենեսուելան:
Թրամփի վարչակազմն ընդգծում է, որ այս խնդրի վրա կենտրոնացմամբ վարչակազմը փորձում է պաշտպանել ամերիկացի հարկատուներին:
Facebook Forum