Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ ՝՝Հայոց հիշատակին՛՛ նվիրված ամենամյա ուղերձով


՝՝Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը, պատվում ու հիշում նրանց, ովքեր իրենց վրա կրեցին 2Օ-րդ դարի ամենասարսափելի զանգվածային բռնություններից մեկի տառապանքը։ 1915 թվականից սկսած մեկ եւ կես միլիոն հայեր տեղահանվեցին, ենթարկվեցին ջարդի կամ ուղարկվեցին մահվան Օսմանյան կայսրության վերջին տարիներին ։ Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայերին՝ սգալու համար զոհերի հիշատակը՛՛, ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ։

Նախագահն այնուհետեւ գովասանքի խոսքեր է ուղղում նրանց հասցեին, ՝՝ովքեր ջանացին դադարեցնել բռնությունները, ովքեր պայքարեցին, որ նման վայրագություններն այլեւս չկրկնվեն՛՛։ Ուղերձում նա հիշատակում է փաստաբան Ռաֆայել Լեմկինի անունը։ Հիշեցնենք, որ Լեմկինն է առաջին անգամ հայերի ջարդը անվանել ՝՝ցեղասպանություն՛՛։

՝՝Մենք հիշում ենք այն մեծահոգի ամերիկացիների ներդրումը, ովքեր օգնել են փրկել կյանքեր եւ հիմնել հայկական համայնքներ։ Հարգանքի տուրք մատուցելով նահատակվածների հիշատակին՝ մենք ոգեշնչվում ենք հայ ժողովրդի խիզախությամբ ու ճկունությամբ, ինչի արդյունքում, չնայած մեծ տառապանքներին, կարողացան կառուցել ծաղկուն համայնքներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում՛՛։

Դոնալդ Թրամփն իր ուղերձն ավարտում է հետեւյալ խոսքերով. ՝՝Մենք խոստանում ենք դասեր քաղել անցյալի ողբերգություններից, դրանց կրկնությունը թույլ չտալու համար։ Մենք ողջունում ենք ցավոտ պատմությունն ընդունելու հայերի ու թուրքերի ջանքերը։ Մենք կանգնում ենք հայ ժողովրդի հետ միասին՝ հիշելու Մեծ Եղեռնի զոհերին եւ վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու հարցում մեր պատրաստակամությունը՛՛։

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում կիրառում է Մեծ Եղեռն բառակապակցությունը՝ հայերեն։

XS
SM
MD
LG