Մատչելի հղումներ

 
Հայաստանն ունի բոլոր բաղադրիչները խորացնելու հարաբերությունները ԵՄ հետ

Հայաստանն ունի բոլոր բաղադրիչները խորացնելու հարաբերությունները ԵՄ հետ


Ատլանտկան խորհուրդում օրերս տեղի ունեցավ համաժողով նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին: ԵՄ և գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են անցած 10 տարին ու հետագա համագործակցության ընթացքը։

«Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ գտնվող երկրները լինեն կայուն, սերտ հարաբերություններ ունենան մեզ հետ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով»,- Վաշինգտոնում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Ատլանտյան խորհուրդի կազմակերպած՝ Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին նվիրված համաժողովին:

Հանձնակատար Հանն ընդգծեց Եվրամիության պատրաստակամությունը շարունակել աջակցել Արևելյան գործընկերություն անդամ երկրներին՝ վերջիններիս կայունությանն ու զարգացմանը հասնելու նպատակով:

«Խոսքը գնում է Եվրոպայի շուրջ բարեկեցության գոտի ձևավորելու մասին»,- նշել է հանձնակատարը:

Համաժողովն իր շուրջն էր համախմբել Արևելյան գործընկերության երկրների ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներին: Քննարկումների հիմքում էր եվրոպական արժեքների ինտեգրացումը, տնտեսական զարգացումն ու Արևելյան գործընկերության դերը:

«Եվրոպական ինտեգրացումը տեղի է ունենում բազմաթիվ նորմերի ու չափանիշների ընդունմամբ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, ուստի լավագույն ճանապարհը հետևողական և մշտական աշխատանքն է, որը կմոտեցնի տնտեսությունն ու հանրությանը Եվրոպային»,- ասում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

Վերջինս գոհունակություն հայտնեց այսօր Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների զարգացման ընթացքից՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանը հրաժարվել է DCFTA առևտրային համաձայնագրի ստորագրումից կողմերին հաջողվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում հասնել ընդհանուր հայտարարի ու կնքել պայմանագիր: Նա Եվրամիության աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին ու գործող իշխանությանը՝ ընդգծելով Եվրոպայի պատրաստակամությունը օժանդակելու հետագա բարեփոխումների ընթացքին:

Վերլուծաբան Ջոնաթան Կացը վստահ է, որ Հայաստանի եվրոինտեգրումը հնարավոր է:

«Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները խորացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ: Չնայած պայմանագիրը Ասոցիացման համաձայնագիր չէ, սակայն Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը որպես գործընկեր, իսկ Հայաստանը Եվրամիությանը՝ որպես քաղաքական և տնտեսական ուղեգիծ»,- հայտնել է Կացը:

Նա ընդգծեց Հայաստանի գործող իշխանությունների պատրաստակամությունը թիրախավորելու այն խնդիրները, որոնք նախկինում անտեսված էին:

Արևելյան գործընկերության շրջանակում և դրանից դուրս Հայաստանի գործող իշխանությունների կողմից բարեփոխումներ իրականացնելու վճռականության մասին խոսեց նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, ով անդրադարձավ նաև Հայաստանում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին:

«Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ բացեց մեր երկրի պատմության մեջ և հանգեցրեց նոր իրականության»,- նշել է դեսպան Ներսիսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերություն նախաձեռնությունը դիտարկում է որպես առաջնահերթություն: Ըստ դեսպանի՝ այսօր Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման և հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը:

Facebook Forum

XS
SM
MD
LG