Մատչելի հղումներ

Աննախադեպ որոշում՝ Սպիտակ տունն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հռչակեց


Միացյալ Նահանգները գնաց աննախադեպ քայլի. Երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում.

«Առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները մեկ այլ պետության կառավարության մաս կազմող որեւէ կառույց ահաբեկչական կազմակերպություն է հռչակում: Մենք սա անում ենք, քանի որ իրանական ռեժիմն կիրառում է ահաբեկչություն իր պետական գործողություններում»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնի այս որոշմամբ Իսլամական հեղափոխության պահապանների արդեն ահաբեկչական կազմակերպությունը հնարավոր կլինի զրկել ֆինանսավորումից, քանի որ այդ կազմակերպության հետ գործ ունեցող ցանկացած բիզնես կամ բանկ լուրջ պատժամիջոցների կենթարկվի:

«Այս որոշմամբ Թրամփի վարչակազմը պարզապես իրականությունն է ճանաչում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր իրական տեղը կգրավի մյուս ահաբեկչական խմբերի՝ Լիբանանի Հեզբոլայի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի, Համասի հետ միասին»:

Նախկինում Իրանի մի շարք պաշտոնյաների դեմ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ էին ընդունվել: Սակայն, սա ամերիկյան պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգներն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչում այլ պետության մի ամբողջ ռազմական կառույց:

«Սա նաեւ պարզ ուղերձ է Իրանի առաջնորդներին, այդ թվում Քասեմ Սուլեյմանիին եւ նրա ավազակախմբին, ուղերձ, որ Միացյալ Նահանգները գործադրելու է անհրաժեշտ ամեն ճնշում նրանց ապօրինի պահվածքին վերջ դնելու համան», - նշել է Փոմփեոն:

Վաշինգտոնի որոշումը քննադատող մի շարք վերլուծաբանների կարծիքով, այն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կառավարությունների կողմից համարժեք գործողությունների դիմելու հնարավորություն է ստեղծում:

Վաշինգտոնի որոշումն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ուժի մեջ է մտնելու մեկ շաբաթվա ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG