ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը.
«Մենք ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց եւ երիտասարդների մասնակցության կարեւորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում եւ մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»:
Միրոսլավ Լայչակը, ով չորեգշաբթի Սենատի Հելսինկյան հանձնաժողովում որպես ԵԱՀԿ գործող նախագահ հարցուպատասխանի էր հրավիրվել, «Ամերիկայի Ձայնի» խնդրանքով անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, որը, ըստ Լայչակի, առանձնանում է բարձր ակնկալիքներով.
«Կարծում եմ, մեր առջեւ հակամարտության կարգավորման իրական հնարավորություն է բացվել եւ հույս ունեմ մեզ կհաջողվի այս հնարավորությունն իրական, գործնական առաջընթացի վերածել»:
«Կանայք հանուն խաղաղության» իր նախաձեռնության մասին Աննա Հակոբյանը խոսել է երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված երեկոյի եւ չորեքշաբթի՝ Կարնեգիի հիմնադրամում Վաշինգտոնի առաջատար փորձագետների հետ հանդիպման ընթացքում.
«Որպես կին եւ մայր, ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից», - նշում է Հակոբյանը, - «եթե կանայք միավորվեն եւ ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին, անկախ նրանց ազգությունից, եթե ասեն քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, ապա նրանց ձայնը լսելի կլինի»:
Կայուն խաղաղության հաստատման համար կարեւորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարացումը, նշում է Աննա Հակոբյանը՝ չէ՞ որ ժողովրդավարական պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ եւս Հայաստանն իր քայլը կատարել է:
«Հայ ազգը միավորվեց եւ մերժեց ղեկավարներին, որոնց մարդիկ այլեւս չէին կարող դիմանալ եւ վստահել: Տարիներ շարունակվող կեղծիքի եւ խաբեության ժամանակն ավարտվեց, անհավասարությունն ու անարդարությունը, վատ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումները ավարտվեցին», - նշում է Աննա Հակոբյանը:
«Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիեւը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների, նշում է Հայաստանի վարչապետի տիկինը, շարունակելով.
«Ավելին, ես տեսա նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր տիկնոջ նկարները, ովքեր զբոսնում էին Բաքվի փողոցներով, նկարվում մարդկանց հետ: Անշուշտ, որպես մի քաղաքական գործչի տիկին, ով հայտնի է մարդկանց հետ նկարվելով, ես կցանկանայի, որ դա մնար իր առանձնահատկությունը, սակայն, դա ամենաչնչին բանն է, ինչ ես պատրաստ եմ զոհաբերել հանուն խաղաղության»:
Facebook Forum