Հարյուրավոր ալժիրցիներ դուրս են եկել փողոց երեքշաբքի օրը՝ ողջունելով նախագահի հրաժարականը:
«Այստեղ եմ՝ տոնելու Բոթեֆլիքայի հրաժարականը: Սա ամենամեծ խնդիրն էր: Մենք կունենանք 100 տոկոսանոց ժողովրդավարական անցում: Սա չափազանց կարևոր է: Անհրաժեշտ է հեռացնել ամբողջ հին վարչակարգը, և սա ևս ամենամեծ դժվարությունն է: Դժվար է դա անել խաղաղ ճանապարհով, բայց ես հավատում եմ Ալժիրի ժողովրդի խաղաղ հանգուցալուծում գտնելու ու երկրում ինստիտուցիոնալ կառավարում հաստատելու ցանկությանը: Ամեն ինչ լավ կլինի»,- ասում է ցուցարար Սելմաո Սեդիքը:
Տասնյակ հազարավոր ալժիրցիներ փետրվար ամսից ի վեր բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ 5-րդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն ունեցող 82 ամյա նախագահի։
Սակայն երկուշաբթի օրը նախագահական նստավայրը տեղեկություն տարածեց, որ նախագահը հրաժարական կտա իր չորրորդ ժամկետի վերջում՝ ապրիլի 28-ին: Այս հայտարարությունը սակայն չբավարարեց ցուցարարներին և ընդդիմությանը: Նրանք մտահոգված էին, որ այս միջոցով գործող վարչակարգը ցանկանում է իշխանությունը փոխանցել իր ընտրյալ թեկնածուին:
Սահմանադրական խորհուրդը շուտով իրավական ձևակերպում կտա հրաժարականին: Ժամանակավոր ղեկավար կդառնա երկրի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Աբդելքադեր Բենսալահը: Նա այդ պաշտոնում կմնա մինչև 90 օր:
Հիշեցնենք, որ Բոթեֆլիքան իշխանությունը ստանձնել էր 1999 թվականին: Վերջին 6 տարիների ընթացքում ուղեղի կաթվածի պատճառով հազվադեպ էր ներկայանում հանրությանը։
Facebook Forum