Մատչելի հղումներ

Վաշինգտոնն արձագանքել է Անկարայի երկակի խաղերին


ԱՄՆ-ի օրենսդիրները միաձայն կողմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի որոշմանը, որի համաձայն՝ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռների​ մատակարարումը Թուրքիային կկասեցվի:

Ի պատասխան Ռուսաստանից «S-400» ​զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին Անկարայի նկրտումներին՝ Միացյալ Նահանգները կկասեցնի ռադարների կողմից անորսալի, նոր սերնդի «F-35» ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրիքային:

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատեց Մոսկվայի հետ «S-400» համակարգերի գնման գործարքի մասին տեղեկությունը, ինչը մտահոգությունների ալիք բարձրացրեց Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի պաշտոնյաները զգուշացրել են Անկարային, որ միաժամանակ ռուսական և ամերիկյան զինատեսակների գնումը հնարավոր է օգնի ռուսներին բացահայտել՝ «F-35» ամերիկյան կործանիչների գաղտնի ռազմական տեխնոլոգիաները:

Սենատի Ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ինհոֆի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը վերջնականապես կդադարեցնի «F-35» ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, եթե Անկարան հետ չկանգնի ռուսների հետ գործարքի մեջ մտնելու իր մտադրությունից: Նյու Հեմփշիր նահանգը ներկայացնող դեմոկրատ Ջին Շահինն և երեք այլ սենատորներ արդեն համապատասխան օրինագիծ են շրջանառության մեջ դրել:

Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է,որ Անկարան կարող է Ռուսաստանին փոխանցել ռադարների կողմից անորսալի «F-35» կործանիչների տեխնոլոգիական գաղտնիքները:

Խնդիրն այն է, որ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթրիռների որոշ բաղադրիչներ արտադրվում են Թուրքիայում: Ւնքնաթիռը արտադրվում է ամերիկյան աերոտիեզերական և պաշտպանական ոլորտում բարձրագույն տեխնոլոգիաներ նախագծող Lockheed Martin ընկերության կողմից:

Սենատի Ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ինհոֆը առաջարկել է քննարկել՝ «F-35» ինքնաթիռների արտադրական գործընթացներում Թուրքիայի դերակատարման փոփոխության հարցը:

XS
SM
MD
LG