Հայաստանի Հանրապետությունը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել իր ինքնիշխանության և պատմական առաքելության նկատառումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման շրջանակներում ունեցած եզրափակիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մեր բժիշկը այնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի բաժակ ջուր, ես դրանով համարում եմ, որ մենք մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին: Եթե ականազերծվող տարածքում, որտեղ երեխաներ են վազվզում և խաղում, մեր մասնագետները 100 քառակուսի մետր տարածք են բացում այն մարդկանց թոռների համար, ովքեր ժամանակին ապաստան են տվել Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ մենք իրականացնում ենք Սիրիայում: Ունի՞ ռիսկեր այդ առաքելությունը, իհարկե, ունի ռիսկեր: Բայց արդյոք սա մեծացնո՞ւմ է Հայաստանի ինքնիշխանությունը և միջազգային սուբյեկտությունը, այո, մեծացնում է»,- ընդգծեց Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելությունը բարոյապես, մարդկայնորեն և քաղաքականապես ճիշտ առաքելություն է:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ: «Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: