Մատչելի հղումներ

Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում կքննարկի հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները


Պաշտպանության ոլորտը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է: Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այցը սկսվելու է Կանզաս նահանգում, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում վերապատրաստվում են հայ խաղաղապահներն ու փրկարարները: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելլիի խոսքով, Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը հպարտության առարկա է.

«Հրաշալի զգացողություն է, երբ օգնում են հայ զինվորականներին վերապատրաստվել եւ այնուհետեւ տեսնում ես, թե ինչպես են հայերն այդ գիտելիքները կիրառում Կոսովոյում կամ Աֆղանստանում՝ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու համար»:

Կանզաս նահանգի ազգային գվարդիայում հայ խաղաղապահները, փրկարարներն ու բժիշկները վերապատրաստվում են ՆԱՏՕ-ի չափանիշներով, որպեսզի այնուհետեւ խաղաղապահ առաքելություն իրականացնեն դաշինքի հովանու տակ անցկացվող առաքելություններում, նշում է գեներալ Էնթոնի Մոհաթը.

«ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառումը կարեւորագույն պայման է, որպեսզի հայ զինվորները ամբողջ աշխարհում մասնակցեն խաղաղապահ առաքելությունների: Սակայն, դա նաեւ նպաստում է հենց հայկական բանակի մարտունակության բարձրացմանը»:

Կանզասի հետ համագործակցությունը միակողմանի չէ: Ազգային գվարդիան նույնպես շատ բան ունի սովորելու հայկական կողմից, հատկապես՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ոլորտում, նշում է Կանզասի ազգային գվարդիայի օդուժի հրամանատար գեներալ Դեյվիդ Վայսարը.

«Հայաստանի քաղաքացիներն ունեն այնպիսի աղետներին արձագանքելու փորձ, որը մենք չունենք եւ մենք նույնպես սովորում ենք հայկական կողմից»:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությամբ: Պենտագոնում Հայաստանի ներդրումը բարձր են գնահատում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն իր ելույթում վերջերս նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության ապահովման կարեւոր գործոն է: Նյու Յորքում իր այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարն այս շաբաթվա վերջին մասնակցելու է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեկ այլ հեռանկարային ոլորտ կարող է դառնալ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքը: Այդ հնարավորության մասին Երեւան իր այցի ընթացքում էր ակնարկել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Միացյալ Նահանգներ իր այցի ավարտին Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպելու է հայ համայնքին: Հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանի պաշտպանական ռազմավարությանն ու տարածաշրջանային անվտանգությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG