Մատչելի հղումներ

«Թավշյա հեղափոխությամբ» Հայաստանը դուրս եկավ հետխորհրդային աշխարհից


«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանին թույլ տվեց վերջնականապես դուրս գալ հետխորհրդային աշխարհից: Այս մասին Ջորջ Վաշինգտոնի համալսարանում պատմեց հայաստանյան քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանին նվիրված քննարկմանը Իսկանդարյանը ներկայացրեց երկրում հեղափոխությունից առաջ ստեղծված իրավիճակը: Քաղաքագետի խոսքով, այն բնորոշվում էր Հայաստանում իշխանության ղեկին եղած Հանրապետական կուսակցության բացարձակ հեղինակազրկմամբ հասարակության լայն շրջանակներում.

«Իշխող ՀՀԿ-ն կուսակցություն չէր: Այն ավելի շուտ արհմիություն էր, որին անդամակցում էին պետական ծառայողները եւ գործարարները»:

Բողոքների ընթացքում Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը դարձավ «չարիքի մարմնավորում», մինչդեռ Նիկոլ Փաշինյանը՝ «բարի ուժերի խորհրդանիշ», ուստի՝ իշխանափոխություն անխուսափելի էր, նշում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Սակայն, հասարակության մեծ աջակցության հետ նոր իշխանությանն անցնում է նաեւ մեծ պատասխանատվություն, մինչդեռ, արդեն այսօր Հայաստանի հասարակական սեկտորը չի կարող կատարել վերահսկող իր գործառույթը, քանի որ հեղափոխության արդյունքում հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ կառավարությունում են ընդգրկվել:

Հատկանշական է, որ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը», արմատական փոփոխություններ առաջացնելով հանրապետության ներքին քաղաքականության մեջ, գրեթե չի փոխել պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական դիրքորոշումը: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, դա բնական է, հաշվի առնելով Հայաստանի առջեւ առկա մարտահրավերները.

«Արեւմուտքը չունի այլընտրանք, երբ հարցը վերաբերում է լավ կառավարմանը, համակարգային բարեփոխումներին, ազատությանն ու ժողովրդավարությանը: Իսկ երբ հարցը վերաբերում է անվտանգությանը, այն Ռուսաստանի հետ է կապվում»:

Քաղաքագետի խոսքով, այս պայմաններում Հայաստանը փորձում է կրկնօրինակել Արեւմտյան փորձը ներքին քաղաքականության մեջ եւ դրական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ՝ խնդիր, որը չափազանց ծանր է.

«Արդյունքում, Ռուսաստանն անընդհատ ընկալում է Հայաստանը որպես չափազանց արեւմտամետ, իսկ Արեւմուտքում Հայաստանը համարում են չափազանց ռուսամետ»:

XS
SM
MD
LG