Մատչելի հղումներ

Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի փառատոնը բացեց Շառլ Ազնավուրի հիշատակի երեկոն


Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը բացվեց Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով: Ազնավուրն իրոք եզակի էր. նրա կերպարն իր մեջ կարողացավ մարմնավորել Ֆրանկոֆոնիայի էությունը՝ իր խորությամբ եւ միաժամանակ բազմազանությամբ, նշեց իր ելույթում Ֆրանկոֆոնիայի փառատոնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը.

«Նրա ժառանգությունը շարունակելու է ապրել միլիոնավոր մարդկանց սրտերում, մարդկանց, ում ոգեւորել է թե՛ նրա արվեստը եւ թե՛ նրա կյանքը»:

Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին հսկայական օգնության համար Հայաստանի ազգային հերոսի կոչումը կրող Ազնավուրը նաեւ հատուկ մեդալի էր արժանացել Իսրայելի նախագահից՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին փրկելու համար:

Չնայած, որ Ազնավուրը մեզ հետ չէ, նրա արվեստն անմահ է՝ ժամանակը դրա դեմ անզոր է, ասում է երգչուհի Յուլիա Կանտորը: «Նրա երգերը կարծես ոչ թե նրա կողմից մեզ մատուցված լինեն այլ՝ մեր սեփական հոգում են ծնվել», - ասում է նա:

Ֆրանկոֆոնիայի փառատոնը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հիմնական մշակութային փառատոններից մեկն է: Դրա շրջանակներում Վաշինգտոնի հիմնական թանգարաններում կազմակերպվում են հատուկ ցուցահանդեսներ, անցնում են ներկայացումներ եւ հատուկ կինո փառատոններ:

Ազնավուրի երգերը կատարող երգիչ Մաքս Քոհենը նշում է, որ անձամբ էր ճանաչում մաէստրոյին.

«Ես ծնվել էի Մարոկկոյում եւ մեծացել Ազնավուրի երգերի վրա: Նա ինձ համար ողջ տիեզերք էր եւ ես հպարտ եմ, որ կատարում եմ նրա երգերը: Հույս ունեմ, միայն, որ սխալ չեմ կատարում»:

Facebook Forum

XS
SM
MD
LG