ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է քսան ամիս, եւ Դոնալդ Թրամփը գտել է դեմոկրատների դեմ պայքար մղելու մի նոր ճակատ, հակասոցիալիստական ճակատը: Դրանով է նա փորձելու սեւ բիծ թողնել իր մրցակիցների վրա:
Սառը պատերազմի տարիների քարոզչության ընթացքում կիրառված պաստառներն ու ծաղրական ֆիլմերն այսօր ծիծաղելի են թվում: Սակայն սոցիալիզմի դեմ կռիվը ներկայումս էլ ԱՄՆ-ում վերածվում է ներքաղաքական պայքարի:
Սոցիալիզմն իշխող դասակարգի ուժն է’’, ասում է նախագահ Թրամփը, ում համար հակասոցիալիզմը դառնում է քաղաքական պայքարի մի ձեւ: Նա մեղադրում է դեմոկրատներին, ասելով, թե նրանք ցանկանում են ‘’մարդու անհատական իրավունքները փոխարինել կառավարության գերիշխանությամբ:
Այս հարցում նրա գլխավոր ընդդիմախոսը սենատոր Բերնի Սանդերսն է, որն իրեն անվանում է դեմոկրատ-սոցիալիստ եւ որը դեմոկրատների շրջանում նախագահի ամենաակնառու թեկնածուներից է: Թրամփին դուր չեն գալիս Սանդերսի այն խոսքերը, թե ‘’տնտեսությունն ու կառավարությունը պիտի աշխատեն բոլորի, այլ ոչ թե հասարակության միայն մեկ տոկոսի համար’’:
Սանդերսն ուզում է, որ բժշկական ծառայությունները լինեն հասանելի բոլորի համար, որ կրթությունը լինի անվճար, որ կրկնապատկվի նվազագույն աշխատավարձի չափը:
Սակայն արդյ՞ք Սանդերսն այն թեկնածուն է, որը կկարողանա իր շուրջը համախմբել հակաթրամփականներին:
Վերլուծաբաններից Ուիթ Այրեսի խոսքերով, եթե դեմոկրատները որպես նախագահի իրենց թեկնածու ընտրեն ծայրահեղ ձախ գործչի, այն մեծ քանակությամբ ջուր կլցնի հանրապետականների ջրաղացին: Իսկ դեմոկրատներին որպես սոցիալիստներ ներկայացնելու հանգամանքը կամրապնդի Թրամփի հիմքերը:
Վերլուծաբան Դանիել Ռունդեի խոսքերով, դա հատկապես նկատելի կդառնա ընտրություններում վճռական նշանակություն ունեցող Ֆլորիդայում, որտեղ մեծ թիվ են կազմում Վենեսուելայից ու Կուբայից ներգաղթածները, այսինքն նրանք, ովքեր փախել ել սոցիալիզմից:
Հենց այդ պատճառով էլ Թրամփը Ֆլորիդայում հայտարարում էր, թե ‘’Սոցիալիզմը միշտ խոստանում է լավ ապագա, սակայն նրա պատմությունը միշտ էլ ավարտվում է մութ էջերով’’:
Կոչ, որը Թրամփը պատրաստվում է դարձնել նախագահական հաջորդ քարոզարշավի իր նշանաբանը: