ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջուդի Չուն, Թերենս Ջոն Քոքսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանն առանձին հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով Սումգայիթում 31 տարի առաջ հայկական ջարդերը և հույս հայտնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ:
«Խորհրդային Միության սահմանների ջնջմանը զուգընթաց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համախմբվեց և հայտնեց Ադրբեջանից անկախանալու իր ցանկությունը: Ազատությանն ու ինքնորոշմանը միտված այս խաղաղ շարժմանը հաջորդեցին միտումնավոր ու կառավարության կողմից հովանավորված հարձակումները: Հաջորդ երկու տարիների ընթացքում Արցախի տարածքում ապրող հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ դարձել է Հայոց ցեղասպանությունը հիշեցնող ջարդերի զոհ: Հարյուրավոր մարդիկ մահացան, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, իսկ հայ համայնքն, ինչպես Արցախում, այնպես էլ այլ վայրերում շարունակում է կրել Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի դաժան հարձակումների սպիները: Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի մռայլ տարելիցը, մենք ցանկանում ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորումը, և հույս հայտնում, որ նրա ժողովուրդը կլինի ազատ իր ապագայի ընտրության հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ջուդի Չուն:
Քոքսը մատնանշել է այն հանգամանքը, որ այսօր անհապաղ պետք է քննվեն սպանությունների դեպքերը:
«Դաժան սպանդի ընթացքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու վիրավորվեցին: Մինչ այսօր Ադրբեջանի կառավարությունը երբեք այդ գազանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է քննել այդ սպանությունների դեպքերը: Մենք պետք է դասեր քաղենք պատմության այդ սխալներից և շարունակենք հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»,- գրել է Քոքսը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսական Ադամ Շիֆն իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց կենդանի այրել են: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքը»:
Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանն իր հայտարաույան մեջ ընդգծել է, որ Սումգայի ջարդերը սկիզբ դրեցին բռնությունների ալիքի ընդդեմ հայ փոքրամասնության, որոնք շարունակվեցին 1988 թ. Կիրովաբադում և 1990 թ. հունվարին Բաքվում: Ըստ կոնգրեսականի՝ այս բռնությունների գագաթնակետն էր Ադրբեջանից 390 հազար հայերի բռնագաղթը եւ 1991-94 թթ պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ: