Մատչելի հղումներ

Ամերիկացի փորձագետները՝ վարչապետ Փաշինյանի կողմից Իրան կատարած այցի մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թեհրան, ուր հանդիպել է Իրանի ղեկավարությանը: Այստեղ կողմերը հանդես են եկել մի շարք հայտարարություններով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Ամերիկյան փորձագիտական շրջանակները անդրադառնում են այցին:

Վարչապետ Փաշինյանի այցը Իրան և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Թեհրանում հնչած հայտարարությունները տարբեր գնահատականների են արժանացել ամերիկյան փորձագիտական շրջանակների կողմից:

American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով Հայաստանի հարաբերությունների խորացումը Իրանի հետ չի բխում Երևանի շահերից, քանի որ վնասում է հայ-ամերիկյան հարաբերություններին:

«Հայաստանի իշխանությունների փոխարեն ես չէի խորացնի հարաբերությունները Իրանի հետ այն կետից, որտեղ որ նրանք գտնվում են: Ցանկալի է պահպանել ստատուս քվոն հարաբերություններում և չխորացնել դրանք»,- նշում է Սթիվեն Բլանկը:

Սակայն Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը բնական է համարում հայ-իրանական հարաբերությունների զարգացումը և չի գտնում, որ դրանք որևէ կերպ սպառնում են Միացյալ Նահանգներին:

«Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական դիրքը ու արևելյան և արևմտյան սահմանների շրջափակումը: Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի հարավ և հյուսիս, ուստի անխուսափելի են Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ: Ես չեմ տեսնում այստեղ որևէ սպառնալիք Միացյալ Նահանգներին»,- ասում է դեսպան Էվանսը:

Նախկին դեսպանը փաստում է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումն անուղղակիորեն անդրադառնում է հայկական կողմի վրա, որպես կանոն՝ բացասաբար:

«Սեփական փորձից գիտեմ, որ այն ժամանակ, երբ Վաշինգտոնում պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ, դրանք անուղղակի անդրադառնում են Հայաստանի վրա և վնասում երկրին»,- արձանագրում է նախկին դեսպանը:

Իսկ ըստ Սթիվեն Բլանկի՝ Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները տարբեր մակարդակի հարաբերություններ և խնդիրներ ունեն Իրանի հետ: Հարաբերություններն, ըստ նրա, մեծ չափով ունեն տնտեսական բնույթ: Հայաստանի դեպքում վերլուծաբանը խնդիրը դիտարկում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարթության վրա:

«Խնդիրը ոչ թե երեք հանրապետությունների հարաբերություններն են Իրանի հետ, այլ այն, որ Հայաստանը փորձում է ընդլայնել դրանք Իրանին հետ այն ժամանակ, երբ առկա է լավ հնարավորություն կտրուկ բարելավելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ստանալ ամերիկյան օգնություն, ինչու ոչ՝ զենք գնել ԱՄՆ-ից ու ազատագրվել ռուսական գերիշխանությունից»,- ընդգծում է փորձագետը:

Հարաբերությունների խորացումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, ներառյալ հայ-իրանական շփումների օրակարգում մշտապես առաջնային էներգետիկ ոլորտը: Բլանկը քննադատում է Թեհրանում այս ոլորտի հետ կապված հայկական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ իրանական էներգակիրների փոխադրումն ապահովելու հարցում:

«Ես հասկանում եմ , որ Հայաստանը զգալի չափով կախված է Իրանից, իրանական գազից, սակայն ցավում եմ, որ այն համաձայնվել է դառնալ տրանզիտային երկիր իրանական գազի համար այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ սահմանված են պատժամիջոցներ, և Իրանը ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի բանաձևը հրթիռների վերաբերյալ, ինչպես նաև փորձում է տարածել ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում: Դա վնասում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը»,- նշում է Բլանկը:

Դեսպան Էվանսի կարծիքով էլ Իրանի քաղաքական դաշտը չափազանց բազմաշերտ է և այստեղ առկա են տարբեր շահեր ունեցող խմբեր և գործիչներ:

«Կարծում եմ Հայաստանը չունի այլ ընտրություն: Այն պետք է հարաբերություններ ունենա իր հարավային հարևանի հետ սեփական շահերի և ամբողջ տարածաշրջանի կայունության համար»,- ընդգծում է դեսպան Էվանսը:

Դեսպանը որևէ առանձնահատուկ նշանակություն չի տալիս վարչապետ Փաշինյանի Թեհրան կատարած այցի փաստին՝ ընդգծելով, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները լավ հարաբերություններ են ունեցել Իրանի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG