Հուան Գուաիդոն, որին Միացյալ Նահանգները եւ 5Օ այլ պետություններ ճանաչել են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, բարձրագույն հաստատությունների ուսանողներին կոչ է անում օգնել, որպեսզի հարեւան Կոլումբիայում կուտակված մարդասիրական օգնությունը հասցվի Վենեսուելայի ժողովրդին։
Նախորդ օրը նա նախազգուշացրել էր զինված ուժերի հրամանատարությանը, որ մարդասիրական օգնության մուտքն արգելելու հանգամանքը համարվում է ՝՝հանցագործություն՝ ընդդեմ մարդկության՛՛։ Դրանից հետո, ըստ Գուաիդոյի, մարդասիրական օգնության մի մասը մուտք է գործել Վենեսուելա։
ԱՄՆ-ից առաքված սննդամթերքի, դեղորայքի եւ մյուս պարագաների մեծ մասը դեռեւս գտնվում է Կոլումբիայի սահմանում, երբ երկու երկրները միմյանց կապող կամրջի վրա մեծ բեռնատարները փակել են նրանց ճանապարհը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարում է, թե ամերիկյան օգնությունն իր կառավարությունը տապալելու նպատակ ունեցող դավադրություն է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա չի բացառել Վենեսուելայում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը։ Սակայն նա չի ասել, թե ինչ հանգամանքներում կարող են ամերիկյան ուժեր ուղարկվել այնտեղ։
Նավթով հարուստ Վենեսուելայում տիրող տնտեսական ու սոցիալական ծանր իրավիճակը հիմնականում բացատրվում է այստեղ տիրող կոռուպցիայով։