ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համարում է կառավարության կարևոր հաջողություններից մեկը: Այս մասին Փաշինյանը խոսել է ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս:
«Ըստ էության համակարգային կոռուպցիայի մեջքը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն քաղաքականությունը ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք: Եվ ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարում հետևյալն է, որ մենք պետք է ուժեղացնենք բոլոր այն լծակները, որոնցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում Հայաստանի Հանրապետության ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ թեզը հետևյալն է, որ ՀՀ ցանկացած պետական պաշտոնյա և պետական պաշտոնի հավակնող ցանկացած մարդ ՀՀ-ում գործող լիազորված մարմնին պետք է տա նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որ այդ մարմինն այդ պաշտոնյայի անունից աշխարհի ցանկացած տեղում իր անունից կարող է փնտրել, գտնել, այսինքն՝ արձանագրել իր ունեցած գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկություն ներկայացնել հանրությանը: «Որպեսզի այս թեզն առավել հասկանալի լինի՝ խնդիրը հետևյալն է, բերեմ իմ օրինակի վրա. եթե ես հավակնում եմ ՀՀ վարչապետի կամ ԱԺ պատգամավորի պաշտոնին, պետք է պետական լիազոր մարմնին տամ լիազորություն, որ նա աշխարհի ցանկացած վայրում հնարավորություն ունենա իմ անունից, այսինքն` որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ, ոչ թե որպես հետաքննության մարմին, որի գործունեության համար կարող են լինել խոչընդոտներ, համաձայնություն, ընթացակարգ և այլն, այլ որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ իմ անունից աշխարհի ցանկացած վայրում, օֆշորային, ոչ օֆշորային գոտիներում փնտրել, տեղորոշել իմ և իմ հարազատների անունով ունեցած գույքը և այդ մասին տեղեկություն տալ հանրությանը: Ավելին, բոլոր այն պաշտոնյաները, պաշտոնների թեկնածուները, որոնք հրաժարվում են համապատասխան մարմին այդպիսի լիազորագիր տալ, նրանք ուղղակի պետք է զրկվեն ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից»,-պարզաբանեց վարչապետը:
«Այստեղ արդեն քանի ամիս իրավաբանների հետ շատ բուռն բանավեճեր են տեղի ունենում, թե արդյոք նման քաղաքական գիծ տանելով մենք չենք ոտնահարում մարդկանց իրավունքները: Ես կարծում եմ, որ չենք ոտնահարում մարդկանց իրավունքները, որովհետև մենք բոլորին չենք պարտադրում այդպես վարվել, մենք այդպես պարտադրում ենք այն մարդկանց, ովքեր հավակնում են լինել պետական պաշտոնյա, ովքեր հավակնում են ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Հետևաբար, այդ մարդկանց ծառայության վերցնող ժողովուրդը պետք է 100 տոկոսանոց թափանցիկության երաշխիք ունենա, արձանագրելու, թե պաշտոնը ստանձնելիս այս մարդն ինչ ուներ, որտեղ ուներ, ինչքան ուներ, ընթացքում ինչ ունի, որտեղ ունի ինչքան ունի և պաշտոնից հեռանալուց հետո նրա գույքային իրավիճակն ինչպես է փոխվել: Սա, ըստ էության, մի գործիք է, որ երաշխավորում է ՀՀ-ում կոռուպցիան վերացնելը: Եվ այս առումով ես չափազանց կարևոր եմ համարում, որ Հայաստանում իսկապես ստեղծվի իրական հակակոռուպցիոն մարմին: Գիտեք, շատ մեծ և լուրջ բանավեճի թեմա է, թե հակակոռուպցիան այդ մարմինն ինչ լիազորություններ ունենա՝ քննչական, հետաքննչական, նախաքննական, օպերատիվ, հետախուզական, դա բոլորովին ուրիշ թեմա է, որը պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկել և, ըստ էության, այս պրոցեսը կարող է տեղի ունենալ փուլային տարբերակով, բայց որ ՀՀ-ում պետք է լինի հակակոռուպցիոն մարմին՝ դա միանշանակ է»,-նկատեց նա:
ՀՀ-ում հեղափոխությունից հետո վերջին ամիսներին հակակոռուպցիան բավականին լայն պայքար է ընթացել, սակայն, վարչապետի գնահատմամբ, ՀՀ-ում օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնող մարմինները, քննչական մարմինները, կարիք ունեն ապացուցելու իրենց առավել մեծ գործունակությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որովհետև հետհեղափոխական ոգևորությունից հետո հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն բացահայտումների մակարդակը, գործողությունը որոշակի տեղապտույտի վիճակում է հայտնվել և իմ ուղերձը եղել է և կա մեր իրավապահ մարմիններին, որ նրանք պետք է լինեն առավել արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարում, որը չափազանց կարևոր է: