ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշնակից ուժերը Սիրիայում սկսել են Դաեշի վերջին մնացորդներին ոչնչացնելու գործողություններ: Սակայն Իրաքի հետ սահմանին գտնվող այսպես կոչված ‘’Իսլամական պետություն’’ ծայրահեղական խմբավորման վերջին այս հենակետում կան քաղաքացիական մեծաթիվ անձինք, ինչի պատճառով գործողությունները կանգնում են խոչընդոտի առջեւ:
Մինչեւ Սիրիայում ահաբեկչական Դաեշ խմբավորման վերջին հենակետի դեմ միջազգային ռազմական գործողությունները, այստեղից քաղաքացիական հազարավոր անձինք են հեռացել, որոնց շարքերում կան նաեւ այդ խմբավորման զինյալների ընտանիքներ: Իրաքի հետ սահմանին գտնող երկու գյուղերից ավելի քան 20 հազար մարդ է հեռացել:
Դաեշի ուժերի դեմ սկսված ռազմական գործողությունների մասնակից Այման ալ Ասսաֆի խոսքերով, իրենք այժմ դադարեցրել են հրաձգությունը, որպեսզի չտուժեն քաղաքացիական անձինք:
Բաղուզի անցակետում անցկացվող ստուգումների նպատակն է քաղաքացիական անձանցից զատել ծայրահեղականներին: Վերջիններիս շարքերում հայտնաբերվում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ: Կասկածյալ ջիհադիստների շարքում է Իռլանդիայի քաղաքացի Ալեքսանդր Բեկմիրզաեւը:
Սիրիայի ժողովրդավարական քրդական ուժերը տեղեկացնում են, որ Դաեշի ծայրահեղականները քաղաքացիկան անձանց օգտագործում են որպես մարդկային վահան իրենց պաշտպանելու համար: Իսկ Բաղուզում, որը Սիրիայում նրանց վերջին հենակետն է, մղում են մահու կռիվ: Սրանք այն ծայրահեղականներն են, որոնք որոշել են կռվել մինչեւ վերջ:
Դաեշը ժամանակին իր վերահսկողությունն էր հաստատել Իրաքի ու Սիրիայի լայնածավալ տարածքների վրա: Սակայն ծայրահեղական այս խմբավորման կողմից հռչակված խալիֆայությունը չէր կարող ունենալ երկար կյանք, երբ դրա դեմ կանգնեց միջազգային համայնքը: Եվ վերջին այս անհույս կետը, որի համար պայքար են մղում հուսահատության գիրկն ընկած ծայրահեղականները, նրանցից կմաքրվի հաշվված ժամերի կամ օրերի ընթացքում: