ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ սահմանային պատի կառուցման շուրջ առկա հակասությունների պատճառով առաջ եկած քաղաքական ճգնաժամը կարող է վերսկսվել, քանի որ եկող ուրբաթ օրն ավարտվում է դաշնային հաստատությունները ժամանակավորպես բաց պահելու համար տրված ժամկետը:
ԱՄՆ-ի նախագահը վստահ է, որ վեր են խոյանում պատերն այնտեղ, որտեղ հարկավոր է վար իջեցնել անօրինական ներգաղթի մակարդակը: ‘’Սահմանային պատը պիտի կառուցվի’’, հայտարարում է Դոնալդ Թրամփը, երբ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հակառակ կողմից պնդում է, որ դրա համար Կոնգրեսը չի հատկացնի եւ ոչ մի դոլար:
Կոնգրեսում հաստատված երկկուսակցական հանձնաժողովում էլ պատի առնչությամբ մինչ այժմ չի կայացվել որեւէ համաձայնություն: Պատի պատճառով բյուջեն չհաստատվելու արդյունքում ավելի քան մեկ ամիս մասնակիորեն փակ մնացած դաշնային հաստատությունները, որոնք այժմ ժամանակավորապես բաց են, նորից կփակվեն ուրբաթ օրը, քանի որ լրանում է ժամկետը: Իսկ Թրամփն այս դեպքի համար իր ձեռքում է պահում կարեւոր խաղաքարտ: Նա սպառնում է կիրառել գլխավոր հրամանատարի իր իրավունքը եւ երկրում հայտարարել արտկարագ իրադրություն, ինչը նրան թույլ կտա պատի կառուցման համար որոշում կայացնել առանց Կոնգրեսի կողմից հաստատման:
Հանրապետական կոնգրեսական Քեւին Մաքքարթիի խոսքերով, որեւէ մեկը չի կարող հարցականի տակ դնել այդ քայլին դիմելու նախագահի իրավունքը, երբ դեմոկրատները գտնում են, որ արտակարգ իրադրություն հայտարարելը խելամիտ քայլ չէ: Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հորդորում է նախագահին հեռու մնալ նման քայլից:
Այս ընթացքում ինքը`նախագահ Թրամփը շարունակում է պատի հարցով թվիթերյան իր գրառումները. ‘’Պատն այսպես, թե այնպես, կառուցվելու է’’, գրել է նա իր վերջին գրառումներից մեկում:
Ինչպես վերլուծաբան Փոլ Շիֆ Բերմանն է ասում, չնայած տարակարծություններին, դաշնային օրենքներում ներկայացված են հարյուրավոր օրինակներ, երբ նախագահը կարող է հայտարարել արտակարգ իրադրություն:
Սակայն այստեղ կա մեկ կարեւոր հանգամանք, որ իրադրությունը պետք է լինի հանկարծահաս եւ սոսկալի:
‘’Խոսքը կարող է վերաբերել բնական աղետներին, արտաքին ներխուժումնետին, երբ հարկավոր է գործել շատ արագ, առանց Կոնգրեսի հետ քննարկումների վրա ժամանակ ծախսելու’’, ասում է վերլուծաբանը:
Եվ Թրափմը դեռ պիտի տա բացատրություն, թե այդ ինչպիսի հանկարծահաս եւ սոսկալի իրավիճակ է առաջ եկել, որն իրեն ստիպում է դիմել արտակարգ իրադրություն հայտարարելու տարբերակին: