Պոպուլիստական շարժումները Եվրոպայում պատրաստվում են մայիսին կայանալիք ընտրություններին Եվրախորհրդարան՝ փորձելով իրենց կողմը քաշել փողոցային շարժումներին ու բողոքի ցույցերի նախաձեռնողներին, որոնց աջակցությունը կարող է կարևոր դեր խաղալ պոպուլիստական ուժերի Եվրախորհրդարանի ընտրվելու հարցում:
Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժը Մարին Լը Պենի գլխավորությամբ փորձում է դաշինք կնքել «Դեղին բաճկոններ» շարժման հետ:
«Նա հասկանում է, որ մենք վատը չենք, մենք պարզապես քաղցած ենք։ Մենք քաղցած ենք, մենք մրսում ենք, մենք գումարի եւ օգնության կարիք ունենք, սակայն մեզ հասանելիք գումարը ցավոք տալիս են օտարերկրացիներին», - ասում է Դեղին բաճկոններից ցուցարար Պատրիսիան:
Եվրոպական պոպուլիստական ուժերը փորձում են համակարգել գործողությունները: Դրա վառ օրինակն է Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին, ով ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսության կրող է:
«Հուսամ ֆրանսիացիները կկարողանան ազատվել ահավոր նախագահից, մայիսի 26-ը լավ հնարավորություն է»,- հայտարարել է Սալվինին:
Նա փորձում է դաշինք կնքել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունների հետ: Նրանց ընդհանուր թշնամին ներգաղթն է, սակայն ըստ վերլուծաբանների առկա են որոշ հակասություններ:
«Իտալիան ցանկանում է, որ այլ երկրներ ընդունեն ներգաղթյալներին, սակայն Հունգարիան ընդհանրապես չունի որևէ մտադրություն անելու դա»,- նշում է Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Լուիջի Սքազիերին:
Եվրոպայի պոպուլիստներն ունեն անհամաձայնություններ այլ հարցերում ևս:
«Իտալիան եվրոգոտու անդամ է, Լեհաստանը՝ ոչ: Արտաքին քաղաքականության ոլորտում Լեհաստանը ընդունում է ՆԱՏՕ-ի դաշինքի կարևորությունը, վախենում է Ռուսաստանից և չի վստահում Վլադիմիր Պուտինին, այն ժամանակ երբ Սալվինին բաց աջակցություն է հայտնել վերջինիս»,- ընդգծում է 89 Initiative’ կենտրոնի ղեկավար Մայքլ Քոթակիսը:
Քաղաքական պայքարը Եվրոպայում ավելի է խորանում: Փարիզում մի քանի հարյուր ցուցարարներ կարմիր շարֆերով դուրս էին եկել բողոքի ցույցի՝ ծածանելով Եվրամիության դրոշները:
Նույն դրոշը հայտնվել էր Հունգարիայում հակակառավարական ցույցի կենտրոնում:
Գերմանիայում Կանաչների կուսակցությունը հարցումներով անցել է ծայրահեղ աջակողմյան կուսակցության կողմը:
Այսպիսով ակնհայտ է, որ պոպուլիստները չունեն մենաշնորհ եվրոպական փողոցներում ծավալվող շարժումներում: Մայիսի 26-ի ընտրությունները կարող են վճռորոշ դեր խաղալ Եվրոպայում քաղաքական ուժերի հավասարակշռության փոփոխության հարցում:
Facebook Forum