Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արձանագրությունը ստորագրել են հայկական կողմից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն:
Արձանագրության նպատակն է կատարել փոփոխություններ 1993 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրված` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում՝ լրացնելով հոդվածներ՝ ԿԽՄԿ գրագրության և փաստաթղթերի անձեռնմխելիությանը վերաբերող, ինչպես նաև ԿԽՄԿ կողմից անձնական տվյալների մշակումը կանոնակարգող նոր դրույթներով: