Չորրորդ շաբաթը լինելով, ԱՄՆ-ում շարունակում են մասնակիորեն փակ մնալ դաշնային կառավարության հաստատությունները, իսկ նախագահ Թրամփն էլ շարունակում է արթուն պահել երկրի հարավային սահմանին արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությունը։
՝՝Ես ունեմ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար իրավական լիակատար իրավունք՛՛, հայտարարում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ կոչ անելով, որ դեմոկրատներն ընդունեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր ծրագիրը եւ հաստատեն դրա կառուցման համար ներկայացված ֆինանսական հատկացումները։ ՝՝Առանց պատի կառուցման, անհնար է ապահովել սահմանային անվտանգություն՛՛, հայտարարում է Թրամփը։
Հանրապետական որոշ կոնգրեսականներ գտնում են, որ պատի կառուցման հարցում անհամաձայնության պատճառով մասնակիորեն փակված դաշնային հաստատությունները կվերաբացվեն, երբ Թրամփը հայտարարի արտակարգ իրավիճակ եւ, շրջանցելով Կոնգրեսին, հաստատի պատի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումները։
Դեմոկրատները, ինչպես Էնթոնի Բրաունը, գտնում են, որ սահմանի վրա չկա ճգնաժամ, որը ստիպեր հայտարարել արտակարգ իրավիճակ։ ՝՝Ճգնաժամը ոչ թե սահմանին է, այլ՝ նախագահի Օվալաձեւ սրահում՛՛, ասում է նա։
Վերլուծաբան Ջոն Հուդաքի խոսքերով, նախագահին ընդհանրապես տրված են արտակարգ իրավիճակ հայտարարելու համար լայն հնարավորություններ։ ՝՝Այդ մասին օրենքում չկա դրա համար բացառության մասին կետ՛՛, ասում է նա։
Սակայն կան նախագահի իշխանության սահմաններ։ ՝՝Նախկինում մի քանի նախագահների նմանատիպ ջանքեր կասեցվել են, քանի որ ծախսումների մասին լիազորությունը տրված է Կոնգրեսին, այլ ոչ թե նախագահին՛՛, ասում է նա։
Կոնգրեսի ու Թրամփի միջեւ հաստատված այս փակուղային իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ, երբ Թրամփի հաստատուն կերպով աջակից զանգվածի մի մասը հաշտվի այն մտքի հետ, որ հարկավոր է հրաժարվել պատի գաղափարից, ասում է վերլուծաբան Լարրի Սաբաթոն։ Այսինքն՝ երբ Թրամփը զգա, որ իր թիկունքում մարդիկ իրեն չեն մեղադրի, եթե ինքը զիջի պատի հարցում։
Սակայն Թրամփն առայժմ մնում է անզիջում, լինելով վստահ, որ նախ հարկավոր է կառուցել պատը, այնուհետեւ՝ այն հիմքը, որն անհրաժեշտ է նախագահական հաջորդ ընտրություններում վերընտրվելու համար։ Իսկ այս ընթացքում պատը մնում է առկախ, դաշնային հաստատությունները՝ մասնակիորեն փակ։