Թուրքիան հակադարձում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները Թուրքիային ‘’տնտեսապես կավերի’’, եթե վերջինս հարձակումներ սկսի ընդդեմ Սիրիայում տեղակայված քրդական ուժերի, այստեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո’’: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է , թե Թուրքիային տնտեսապես սպառնալու հարցում ԱՄՆ-ը ոչինչ ձեռք չի բերի: ‘’Մենք բազմիցս ենք ասել, որ չենք վախենում որեւէ սպառնալիքից’’, ասել է Չավուշօղլուն:
ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ նախազգուշացրել էր Թուրքիային, որ այն կկանգնի տնտեսական փլատակների առջեւ, եթե Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո ռազմական գործողություններ սկսի ընդդեմ քրդական ուժերի: Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր նաեւ, թե հարկավոր կլինի 32 կմ տրամագծով անվտանգության գոտի հաստատել այստեղ:
Թրամփը նաեւ դիմել էր քրդերին`կոչ անելով չսադրել Թուրքիային:
Քրդական ուժերը Սիրիայում ծայրահեղական Դաեշի դեմ պայքարում եղել են ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը: Սակայն Ժողովրդի պաշտպանության միավորումներ քրդական խմբավորմանը Թուրքիան համարում է իր երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դաշնակից, եւ երկու կազմակերպություններին անվանում ‘’ահաբեկչական’’: Այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու մտադրության մասին, Անկարան հանդես էր եկել քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու ծրագրերի մասին հայտարարությամբ: :
Մինչ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ շարունակվում են փոխադարձ դատապարտող հայտարարությունները, թուրքական լիրան գրանցում է դոլարի նկատմամբ ամենացածր փոխարժեքը: Տնտեսագետներից շատերի համոզմամբ սա կարող է լինել ‘’Թուրքիան տնտեսապես ավերելու’’ մասին Թրամփի հայտարարության առաջին արձագանքը: