Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը սպառնում է երկարատև փակ կառավարությամբ և արտակարգ դրության հայտարարությամբ


Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցումը կարող է տևել ամիսներ կամ տարիներ: Այս հայտարարությանը նախորդել էին անհաջող բանակցությունները դեմոկրատների հետ, որոնք համաձայն չեն տրամադրել Թրամփի վարչակազմին 5,6 միլիարդ դոլար` Մեքսիկայի հետ սահմանային պատ կառուցելու համար:

Դեմոկրատ առաջնորդների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահ Թրամփը սպառնացել է, որ կարող է հայտարարել արտակարգ դրություն և կառուցել պատը առանց Կոնգրեսի համաձայնության:

Հիշեցնենք, որ կառավարության մասնակի փակման արդյունքում շուրջ 800 հազար պետծառայողներ չեն վճարվում, իսկ դաշնային կառավարության մեկ քառորդը չի գործում արդեն երկու շաբաթ:

Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ դեմոկրատները հանդիպման ժամանակ կոչ են արել նախագահին վերսկսել կառավարության ֆինանսավորումը, որին ի պատասխան, ըստ սենատորի, նախագահը նշել է, որ կառավարությունը կարող է մնալ փակ բավականին երկար ժամանակ:

Նախագահը հաստատել է այս խոսքերը, սակայն դրական է գնահատել հանդիպումը դեմոկրատների հետ:

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին ընդգծել է, որ դեմոկրատները ներկայացրել են նախագահին իրենց դիրքորոշումը, ըստ որի՝ այս խնդիրը չի կարող ստանալ լուծում փակ կառավարության պայմաններում: Խոսնակն հայտնել է, որ կողմերը համաձայնվել են շարունակել քննարկումներն այս հարցի շուրջ:

Ըստ Ռոյթերս գործակալության և Ipsos-ի անցկացրած հարցումների, հանրության 50 տոկոսը մեղադրում է նախագահ Թրամփին կառավարության ֆինանսավորման դադարեցման մեջ: Հարցման մասնակիցների 7 տոկոսը մեղադրում են այս հարցում հանրապետական օրենսդիրներին, իսկ 32 տոկոսը գտնում են, որ այս իրավիճակում մեղավոր են դեմոկրատ օրենսդիրները:

Facebook Forum

XS
SM
MD
LG