Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նոր քաղաքական իրավիճակ է


Վերջին ընտրություններն ԱՄՆ-ում արձանագրեցին քաղաքական նոր իրավիճակ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անցումը դեմոկրատների վերահսկողության ներքո ստեղծեց բաժանված կառավարության քաղաքական համակարգ:

Այս տարվա սկզբին կմեկնարկի ԱՄՆ-ի նորընտիր Ներկայացուցիչների պալատի առաջին նիստը, ուր մեծամասնություն են կազմում դեմոկրատները: Այսպիսով վերջ դրվեց երկու տարի շարունակվող հանրապետական կուսակցության միանձնյա կառավարմանը, որը վերջին երկու տարիներին վերահսկում էր ինչպես գործադիր մարմինն, այնպես էլ Կոնգրեսի երկու պալատները:

Այսօր Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից 235 գտնվում է դեմոկրատների ձեռքում, ովքեր մեծամասնություն են կազմել անցած նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում:

Ներկայացուցիչների պալատ են ընտրվել նաև ավելի քան 100 կանայք, ներառյալ երբևէ ընտրված ամենաերիտասարդ կին կոնգրեսական Ալեքսանդրիա Օքազիո-Քորթեզը: Նորընտիր կոնգրեսականների թվում են նաև երկու մահմեդական կանայք՝ Ռաշիդա Թլայբն ու Իլհան Օմարը:

Բացի այդ Կոնգրես են ընտրվել երկու բնիկ ամերիկուհիներ՝ Դեբ Հաալանդն ու Շարիս Դեյվիդցը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում է ընտրվել Նենսի Փելոսին, ով 2007-2011 թվականներին զբաղեցնում էր նույն պաշտոնը: Նա դեռևս միակ կին խոսնակն է ԱՄՆ-ի պատմության մեջ, ինչպես նաև միակն է, ով երկրորդ անգամ է ստանձնել այդ պաշտոնը:

Դեմոկրատները կօգտագործեն իրենց մեծամասնությունը մի շարք խնդիրներ բարձրացնելու համար, մասնավորապես կառավարության ֆինանսավորման դադարեցումը, նախագահ Թրամփի և նրա վարչակազմի հետ կապված մի շարք հետաքննությունները, վերջինիս հարկային փաստաթղթերի հրապարակումը, Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև եղած հնարավոր կապը:

ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները կազմում են մեծամասնություն և 100 տեղանոց պալատում ունեն 53 ձայն:

Facebook Forum

XS
SM
MD
LG