Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրս բերելու Վաշինգտոնի մտադրությունը մտահոգության ալիք է բարձրացրել Աֆղանստանում ու տարածաշրջանում, որտեղ անհանգստացած են թալիբների վերածննդի վտանգով։
Մտահոգության մեծ ալիք է բարձրացրել Աֆղանստանում, քանի որ այստեղից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին Վաշինգտոնը սկսել է մտածել այն պահին, երբ հենց նույն Վաշինգտոնը զարկ է տալիս Թալիբանի հետ խաղաղության բանակցություններին։ Մի գործընթաց, որը կարծես մի կողմ է դնում Աֆղանստանի կառավարությանը։
Աֆղանստանի պաշտոնատար անձինք ունեն մտավախություն, որ երկրի ազգային անվտանգության ուժերի առջեւ կծառանան մեծ խնդիրներ, եթե ստիպված լինեն պայքարել ընդդեմ Թալիբանի՝ առանց ամերիկյան ուժերի օժանդակության։
Միջազգային ուժերի ամերիկացի հրամանատար գեներալ Օսթին Միլլերն ասել է, թե ինքն առայժմ չունի զորքերը հետքաշելու մասին որեւէ հրաման։ ՝՝Սակայն եթե նույնիսկ ստացվի նման հրաման, պետք է լավ իմանաք, որ մենք շարունակելու ենք օգնել անվտանգության ուժերին՛՛, իր խոսքն ուղղելով Աֆղանստանի ժողովրդին, ասել է գեներալը։
Սակայն քաղաքական մեկնաբաններն իրադրությունն այլ կերպ են գնահատում։ Նրանցից շատերի խոսքերով, ամերիկյան ուժերի թվակազմի կրճատումը ԱՄՆ-ի ու Թալիբանի պաշտոնատար անձանց միջեւ անցկացված հանդիպումների արդյունքն է։ Ամերիկյան զորքերի թվակազմը կրճատելուց հետո, ըստ փորձագետների, կարելի է սպասել Թալիբանի պատասխանին՝ վերջինիս կողմից թշնամական գործողությունները կրճատելու տեսքով։
Հարեւան Պակիստանում, որտեղ ապաստան են գտել Թալիբանի ղեկավարները, պաշտոնատար անձինք, ինչպես օրինակ նախկին դիվանագետ Ռաուֆ Հասանը, կարծում են, թե այս գործընթացը ցույց է տալիս, որ Աֆղանստանի իշխանությունը մի օր անցնելու է Թալիբանին։
Շատ այլ վերլուծաբաններ բացառում են Քաբուլում իշխանությունը նորից թալիբներին անցնելու որեւէ հնարավորություն։ Նրանք հիշեցնում են թալիբների կառավարման տարիները, երբ իսլամական խիստ կանոնների ներքո այստեղ արգելված էին աղջիկների ուսումն ու կանանց շատ այլ իրավունքներ։
Ինչպես Քաբուլում Պակիստանի նախկին դեսպան Ասիֆ Դուրրանին է ասում, ՝՝Թալիբանի համախոհները կարծում են, որ իրենց կառավարման ընթացքում խաղաղություն էին բերել Աֆղանստանում։ Սակայն այդ խաղաղությունը գերեզմանոցի խաղաղություն էր՛՛, ասում է նա։
Ու եթե ոմանք կարծում են, որ ամերիկյան ուժերի թվակազմը կրճատելու պարագայում իրադրությունը կմեղմվի ու ճանապարհ կբացվի Աֆղանստանի իշխանությունների ու Թալիբանի միջեւ ընդհանուր եզրեր գտնելու համար, շատերն էլ համոզված են, որ Թալիբանը երբեք չի գնա քաղաքական անկեղծ հաշտության եւ ամերիկյան ուժերի դուրսբերման փաստը կփորձի օգտագործել Աֆղանստանում նորից իր գորշ ստվերը տարածելու համար։