ԱՄՆ-ի նախագահ Դոնադ Թրամփը թվիթերյան իր գրառման մեջ հայտնել է, որ ԱՄՆ-ը պարտության է մատնել Դաեշ-ին Սիրիայում և որ դա Վաշինգտոնի միակ առաքելությունն էր այստեղ:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը դուրս է բերում իր զորքերը Սիրիայից: Դա հաստատել է Պենտագոնը:
Այս որոշումը անսպասելի էր անգամ նախագահի հանրապետական կուսակիցների համար:
«Այս պահին ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել»,- ասում է հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը:
«Չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել այս որոշման մասին, սակայն սա սխալ որոշում է, և ցավոք մենք գին ենք վճարելու այս որոշման դիմաց, եթե այն չվերանայվի»,- ասում է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:
Ըստ պաշտոնական աղբյուրների, շուրջ 2000 զինծառայողներ արդեն ճանապարհին են տուն: Սակայն դուրս բերումը շարունակում է բաց պահել մի շարք հարցեր, որոնցից մեկն էլ Ռուսաստանի ու Իրանին հավատարիմ ուժերի ներկայությունն է Սիրիայում, որոնք աջակցում են Ասադին: Վերջինս ամերիկյան զորքերի դուրս բերմամբ գործողությունների ազատություն է ստանում, որը դեմ է ԱՄՆ-ի շահերին:
Բացի այդ ամերիկյան պաշտոնական շրջանակները շարունակում են պնդել, որ Դաեշ-ի դեմ հաղթանակը դեռևս վերջնական չէ: Շուրջ 2000 զինյալներ շարունակում են վերահսկել Հաջին քաղաքը:
«Անպատասխանատու կլինի, եթե մենք այժմ ասենք, որ խալիֆայությունը վերացված է, և մենք կարող ենք վերադառնալ տուն»,- նշել է ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրեդ Մըքգըրքը:
Սպիտակ տունը իր հերթին ասում է, որ Դաեշ-ի մնացորդների դեմ պայքարն այժմ կիրականացնեն այլ զորամիավորումներ, ներառյալ քրդական զորախումբը, որին աջակցում է ամերիկյան կողմը:
Սակայն հարց է, արդյոք ԱՄՆ-ը կշարունակի աջակցել քրդերին, քանի որ նման զարգացումների դեպքում շատերը կարող են լքել ռազմական գիծը՝ Թուրքիայի հնարավոր ներխուժումից խուսափելու համար:
Չնայած այս ամենի՝ նախագահ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը հաղթել է Դաեշ-ին, ազատագրել տարածքները և այժմ ժամանակն է, որ ամերիկյան զորքերը վերադառնան տուն:
Facebook Forum