Մատչելի հղումներ

«Խավարի մեջ լույսի ճառագայթ»՝ հայերը շնորհակալություն հայտնեցին ամերիկացի փրկարարներին


Teams of workers climb over rubble left by the earthquake. Leninakan, Armenia, Dec. 12, 1988.
Teams of workers climb over rubble left by the earthquake. Leninakan, Armenia, Dec. 12, 1988.

30 տարի առաջ ավերիչ երկրաշարժի ողբերգությունը միավորեց հայ ժողովրդին, մի բռունցք դարձնելով Հայաստանի ու Սփյուռքի հայությանը, պատմում է ամերիկահայ բարերար Ռիտա Բալյանը, ով 1988 դեկտեմբերի 7-ին առաջիններից էր ահազանգել Վաշինգտոնում. Հայաստանն օգնության կարիք ունի: Անմիջապես ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը կարգադրեց կամավոր փրկարարների խումբ ուղարկել երկրաշարժից տուժած, այն ժամանակ խորհրդային Հայաստան:

«Հենց սա է իրական Ամերիկան, ամերիկացիները, ովքեր անտարբեր չեն, ովքեր կարեկցում են: Ամերիկան կանգնեց այն տարիներին դեռեւս Խորհրդային Հայաստանի թիկունքին, ամերիկացիները հատեցին օվկիանոսը, որպեսզի օգնեն մեզ Հայաստանում», - ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը զսպելով հուզմունքը շնորհակալություն էր հայտնում երեսուն տարի առաջ Հայաստանին օգնության ձեռք մեկնած ամերիկացի կամավորներին, որոնց մի մասը ներկա էր դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը:

Իրենք կամավորները երախտագիտությունն ընդունելիս նշում էին, որ ընդամենն իրենց աշխատանքն են կատարել: Նրանցից մեկը Դոն Բոութն է Վիրջինիայից.

«Մենք ամերիկացի հրշեջներ ենք, իսկ հրշեջներն ամենուրեք նույնն են: Իմ աշխատանքը օգնելն է եւ ինձ համար միեւնույն է, թե դուք որտեղից եք, ես միեւնույն է՝ ձեզ կօգնեմ: Չէ որ՝ բոլորս էլ մարդ ենք եւ պետք է հոգ տանենք միմյանց մասին»:

Ուոլթեր Քարփերը պատմում է, ինչպես էին աղետի գոտում ձեռքերով փլատակների տակից մարդիկ փրկում. Հատուկ սարքավորումներ օգտագործելը վտանգավոր էր տակը մնացած մարդկանց համար:

«Խավարի մեջ լույսի ճառագայթ»՝ այսպես բնորոշեց փրկարարների աշխատանքը Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.

«Հայաստանի ապագան էլ ավելի լուսավոր է, եթե հաշվի առնենք այս ականավոր անցման շրջանը, առաջընթացը, որը Հայաստանում տեսանելի է «Թավշյա հեղափոխությունից» հետո»:

Այսօր, 30 տարի անց, Հայաստանի ժողովուրդը, այդ թվում եւ Ամերիկայի մեկնած ձեռքի շնորհիվ, կրկին ապացուցեց իր ոգու հզորությունը, նշում է դեսպան Ներսիսյանը.

«Խաղաղ իշխանափոխությունը Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծել, իսկ անցած ժողովրդավար ընտրություններին ծափահարում էր ամբողջ աշխարհը: Հայաստանի քաղաքացիները կրկին ապացուցեցին, որ ի վիճակի են ոտքի կանգնել, անկախ, ինքնիշխան պետություն կառուցել եւ սերտ հարաբերություններ հաստատել ամբողջ աշխարհի, այդ թվում եւ՝ Միացյալ Նահանգների հետ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG